Իր բոլոր գժություններով, թերություններով ու առավելություններով, մեկ է, բոլորս սիրում ենք նրան: Նա այն քչերից է իր սերնդի մեջ, որ կարողացավ ինչ-որ երանգ ավելացնել այս քաղաքին: Նրան բոլորս ընդունում ենք այնպես, ինչպես կա: Նա կարող է պաղպաղակ ուտելով հոգեհանգստի գնալ կամ գարեջրի շիշը ձեռքին մտնել մշակույթի նախարարություն: Խոսում ու գրում է այնպես, ինչպես այդ պահին մտածում է, ու թքած ունի իրեն ցինիկ ու գռեհիկ համարողների վրա: Էդգար Կոստանդյանն է, մարդ, ով մի օր քնից արթնացավ ու որոշեց, որ կարևոր բան անելու ժամանակն է եկել: Գրեց «Որբանոցն», ու առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ ընթերցողները սկսեցին շապիկներ պատռել գրողի համար:
Որոշեցի նրան հրավիրել իմ տուն, հյուրասիրել ու հարցազրույց անել: Ստացվեց այն, ինչ ստացվեց, ավելի ճիշտ այն, ինչ չստացվեց:
-
Երեք տարի կլինի՝ քեզ չեմ տեսել:
-
Դու ավելի բախտավոր ես, քան Մայակովսկին:
-
Ինչու՞:
-
Ինքն ինձ ընդհանրապես չի տեսել:
-
Կորում ես, չես զանգում, զանգում ենք՝ չես պատասխանում:
-
Գենետիկ սովորություն ա, պապս էլ ա տենց:
-
Ինքն էլ հեռախոս չի վերցնու՞մ:
-
Ուղղակի որտեղ որ ինքն ա, հեռախոս չի բռնում:
-
Մետրոյու՞մ:
-
Վերին Երուսաղեմում:
-
Խոստացել էիր, որ «Որբանոցն» այլևս չես տպելու, բայց էլի տպում ես:
-
Ես մեղավոր չեմ: Դերասան Բաբայան Ռոմանի հետ գարեջուր էինք խմում, ասեց՝ արի մի հատ էլ տպենք, ասեցի՝ արի: Հո Ռոմին չէի մերժելու: Ինչ անում ենք, Ռոմի համար ենք անում (ծիծաղում է):
-
Նորա Մարգարյանն ասում է, որ դատարան է դիմել, քեզանից պատիվ է պահանջում իրեն վիրավորելու համար:
-
Պատիվ ա պահանջում, կտանենք մի տեղ պատիվ կտանք:
-
Ո՞նց ես անում, որ անընդհատ ուշադրության կենտրոնում ես:
-
Երեք տարի առաջ ավելի հետաքրքիր զրուցակից էիր:
-
Վեպդ հայտնվեց Asekose.am-ում, հետո գրեթե բոլոր կայքերը վերցրին: Գրպանիդ չկպա՞վ:
-
Երբ գրքի էլեկտրոնային տարբերակի իրավունքները տվեցի «Ասեկոսեին», հատուկ բթամիտների համար մեծ տառերով գրեցինք, որ ուրիշ կայքերը դա վերցնելու իրավունք չունեն, բայց քանի որ մեր ազգը ձրի բան, շատ ա սիրում, ոչինչ անել չես կարող: Քանի որ թե՛ ես, թե՛ Արամ Հարությունյանը չափից ավելի զբաղված մարդիկ ենք, իրենց դատի չտվեցինք: Ի վերջո, էդ ժամանակը կարելի է ծախսել վիսկի խմելու վրա:
-
Առաջ օղի էր, վիսկի է՞ դարձել:
-
Ասում եմ, չէ՞, երեք տարի առաջ ավելի հետաքրքիր զրուցակից էիր:
-
Ո՞վ է «Ձմռան վերջին օրվա» Նանեն:
-
«Ձմռան վերջին օրվա» Նանեն:
-
Չգիտեմ, շատ ապրված, տեսած վեպ է թվում, նաև ապրված ու տեսած հերոսուհի:
-
Դրա համար էլ չեմ կարողանում ավարտել:
-
Սիրում ե՞ս Նանեին:
-
Հերոսս ա սիրում Նանեին:
-
Հերոսդ հեղինակն է:
-
Կոֆե կտա՞ս:
Սուրճ պատրաստեցի, Էդոն խնդրեց, որ անջատեմ ձայնագրիչը: Սուրճը խմեց ու գնաց: Սա երկրորդ դեպքն է, որ նրա հետ հարցազրույց եմ անում ու չի ստացվում, ուղղակի չգիտեմ ինչու այս անգամ որոշեցի հրապարակել: Քեզ շատ եմ սիրում, Կոստանդյան, չաղացի մի քիչ…