«Ծառուկյան Գագիկի «ունեզրկման» գործընթացին զուգահեռ, իրականացվում է Սոկոլով Կոնստանտինի «հարստացման» գործընթացը»․ Կարեն Հեքիմյան
Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ծառուկյաններն ունեզրկվում են հանուն սոկոլովների՞:
Ուրեմն, Նոր Հայաստանում Ծառուկյան Գագիկի «ունեզրկման» գործընթացին զուգահեռ, իրականացվում է Ռուսաստանում ծնված և ԱՄՆ-ում բնակվող Սոկոլով Կոնստանտինի «հարստացման» գործընթացը: Վերջինս կղեկավարի Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն ու Հայաստանով անցնող «Թրամփի երթուղին»` TRIPP-ը: Չի բացառվում, որ տեսանելի ապագայում Հայաստան ժամանի սոկոլովների հերթական խմբաքանակը, որոնց կտրամադրվեն նախկինում պայմանական ծառուկյանների կողմից վերահսկվող որորտները:
Իսկ ինչո՞վ են պայմանական ծառուկյանները տարբերվում պայմանական սոկոլովներից: Ամենակարևորը` խոսում են հայերեն և մշտապես ապրում են Հայաստանում: Դա իր հերթին նշանակում է, որ պայմանական ծառուկյանների ստեղծված «բարիքներն», այդ թվում եկամուտը, մնում է Հայաստանում: Ի տարբերություն պայմանական ծառուկյանների, պայմանական սոկոլովները հայաստանյան բարիքներն, այդ թվում եկամուտները, դուրս են բերելու Հայաստանից:
Սա է պայմանական ծառուկյանների և սոկոլովների հիմնական տարբերությունը: Այդ իմաստով,Հայաստանի ապագայի տեսանկյունից, ազնիվ չէ հանուն պայմանական սոկոլովների, պայմանական ծառուկյանների «ունեզրկումը»:
Խնդիրն ունի նաև մեկ այլ կողմ. հարկ եղած դեպքում ո՞վ և ինչպե՞ս է «ունեզրկելու» պայմանական սոկոլովներին: Կարծում եմ` բոլոր ժամանակների պաշտոնական Երևանը դրա իրավունքը չի ունենա: Իսկ միգուցե պայմանական սոկոլովներին ցմահ ամենաթողության` Հայաստանը «թալանելու», քարտ-բլա՞նշ է տրվելու»։