Գուցե ռոմանտիկ բան եմ արել, բայց․․․ ըստ էության՝ բաց նամակ եմ գրել Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։
«Հասկանալի է, որ զրահապատ մեքենաների, կառավարական ամառանոցի կամ կառավարության շենքի բարձր հարկի պատուհաններից իրականությունն այլ կերպ է երեւում: Մանավանդ՝ եթե համառորեն չես ուզում տեսնել խնդիրները եւ ինքդ քեզ համոզում ես, որ «ամեն ինչ հրաշալի է»` երկրում ոչ մի վատ բան չի կատարվում, ոչինչ չի սպառնում քո իշխանությանը, միայն մի 50 «չար ու տգետ» մարդիկ` քո չուզողները, երազում են, որ իշխանափոխություն լինի` «հները» վերադառնան:
Բայց մարդուն խելքը տրված է՝ իրերին սթափ նայելու, կարեւորը երկրորդականից զատելու եւ անգամ սեփական կնոջ անհեթեթությունները չլսելու համար: Իսկ եթե կա մի գրամ խելք ու սթափություն, ապա հենց դու` իշխանության գլխին կանգնածդ, պետք է գիտակցես, որ իրավիճակը լուրջ է եւ գնալով ավելի է լրջանալու, եթե չհասկանաս դա եւ կամովին իշխանափոխություն չնախաձեռնես:
Պետք է գիտակցես, որ ոչ միայն երկրում ահռելի դժգոհություն կա կուտակված, եւ դա 50-100 հոգու դժգոհություն չէ, ոչ միայն օղակը սեղմվել է Հայաստանի պարանոցին, եւ դա Արցախի «թոկը» չէ, ոչ միայն Վանաձորում, Գյումրիում, Փարաքարում եւ Երեւանում ՔՊ-ի պարտությունն արդեն լուրջ ահազանգ է, այլեւ լիքը ուրիշ ցուցիչներ կան, որոնք խոսում են կառավարման խորացող ճգնաժամի, օր-օրի անկառավարելի դարձող քաոսի, քրեածին իրավիճակի վատթարացման, միջանձնային վտանգավոր կոնֆլիկտների, հանրության հոգեբանական լուրջ խնդիրների մասին:
Իհարկե, կարելի է հրդեհաշիջման սկզբունքով մե՛կ այստեղ կրակը մարել, մե՛կ` այնտեղ, մի մասին բանտ նետել, մյուսներին` արհամարհել, մեկին վախեցնել, երրորդին` գնել: Հարկերն ու տուրքերը, վարձավճարներն ու սակագները բարձրացնել եւ ոստիկանական տեռորով մարդկանց հնազանդեցնել: Կարելի է նաեւ թատերականացված շոուներ բեմադրել` ողջունող, ժպտացող, հետդ լուսանկարվող մորքուր-հորքուրների, գյուղացիների եւ ուսուցիչների հետ: Բայց խելքը տրված է մարդուն` հասկանալու համար, որ դրանք՝ բոլորը, բնականոն կյանքի, իշխանությունների հանդեպ լոյալության ցուցիչ չեն:
Ցուցիչը Նոր Նորքի միջադեպն է, թմրանյութերի օգտագործման ծավալների ահագնացումն է, ցուցիչը փողոցում լրագրողի հարցից վրդովված քաղաքացին է, որն ասում է` «դրա անունը չտաս», եւ անգամ այն յուրային պապիկն է, որն ասում է․ «Հա, Նիկոլը փալաս է, բայց իմ փալասն է` իրեն եմ ձայն տալու, որ Ռոբը չգա»: Եվ հարցն անգամ այն չէ, որ «Սերժի-Ռոբի» ինադու ինչ-որ մարդիկ պատրաստ են նույնիսկ «փալասին» ձայն տալ, այլ՝ այն, որ արդեն քո համակիրներն են քեզ «փալաս» անվանում, եւ եթե նույնիսկ քեզ դեռ ձայն են տալիս, ապա միայն այլընտրանքի (իրենց համար ընդունելի այլընտրանքի) բացակայությունից ելնելով:
Այո, ուժային լծակներն ունես, քեզնից դողացող պնակալեզների մի ողջ բանակ ունես, կոմպրոմատների թղթապանակներ ունես եւ դեռ կարող ես իշխանությունը որոշ ժամանակ պահել: Բայց դրա արդյունքը կարող է շատ ավելի ողբերգական լինել քեզ համար, երկրի համար, մեր ժողովրդի համար:
Գտիր լուծումը, փոխանցիր իշխանությունը: Մեզ, քեզ ու երկիրը մի տար նորանոր փորձությունների»,- գրել է Օհանյանը: