▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այստեղ ևս մայդան է, եթե ուզում են շեյթան դառնա` ուրիշ բան.Սաքունց

Asekose.am-ի զրուցակիցն է Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Պարոն Սաքունց, այսօր տեղեկություն տարածվեց, որ ռուսական այն ընկերությունը, որին պատկանում է ՀԷՑ-ը, 2013 թվականի ունեցած շահույթը 2014 թվականին 3.9 անգամ ավելացել է: Այս դեպքում, ինչպե՞ս է բացատրվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:

Ինձ հետաքրքրում է նաև այս հարցը, թե արդյո՞ք այդքան է եղել նրանց գերշահույթը, թե՞ իրականում թվերն ավելի բարձր են:Պետք է նշել, որ մենք, բացարձակապես չունենք վերահսկողություն: Նույնիսկ իրենց ներկայացրած թվերի պարագայում հարց է առաջանում, թե ինչ իմաստ ունի սակագինը բարձրացնել: Հոսանքը թանկացնելու որոշումը կապված է Հայաստանի իշխանության հետ: Այսօր նրանք ֆինանսական խնդիր ունեն:

Կառավարությունը որոշեց սակագինը չնվազեցնել և սոցիալապես անապահով ընտանիքների նպաստը 2000 դրամով բարձրացնել, որպեսզի դրանով փակեն սպառած էլեկտրաէներգիայի լրացուցիչ գումարը, իսկ Սերժ Սարգսյանն էլ որոշեց աուդիտ անցկացնել: Իշխանությունների մոտ խառնաշփո՞թ է առաջացել:

Սոցիալական փաթեթը ինչ կապ ունի էլեկտրաէներգիայի հետ: Այդ որոշումը ներկայացնել, որպես այս կամ այն խնդրի լուծման միջոց`ուղղակի անհեթեթություն է: Այդ 2000 դրամը համարժեք չէ: Մենք պետք է հաշվի առնենք, որ թանկացել են նաև սպառողական զամբյուղի ապրանքների գները: Կա հստակ պահանջ, որ պետք է էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրացվի, և այդ պահանջի հետ կապված կա նաև իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը, էլ չասեմ խուճապը, քանի որ նրանք չգիտեն, թե էլ ինչ անեն: Պահանջի պատասխանը ենթադրում է լուրջ ուսումնասիրություններ, մանավանդ, որ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված այս քննարկումները, որոշումները խթանեցին լրացուցիչ ուսումնասիրությունների, որոնց արդյունքում պարզ դարձավ, որ Հայաստանում ամենաթանկ էլեկտրաէներգիան է վաճառվում բնակչությանը:

Էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը, ըստ Ձեզ ի՞նչ ընթացք կունենա: Ցուցարարները որոշել են ամեն օր որոշ ժամանակով փակել նաև Մաշտոցի պողոտան: Ոստիկանապետն էլ այսօր հայտարարեց, որ ոստիկանական ուժերի վերաբաշխում է տեղի ունեցել, ինչպես նաև օպերայի տարածք են բերելու զրահապատ և ջրցան մեքենաներ: Սա սպառնալիք է, թե՞ վախ սփռելու միջոց:

Իրավիճակը սրում են իշխանությունենրը, հանձինս իրավապահ մարմինների, քանի որ նրանք ուժ են կիրառում առանց իրավական հիմքերի, ինչպես հուլիսի 23-ի լուսաբացին: Իրավիճակի սրման համար առաջին պատասխանուտուն իշխանություններն են: Մինչ այժմ իրականացրած բողոքի ակցիաները, քաղաքացիական անհնազանդությունները, ցույցերը ունեցել են խաղաղ բնույթ և մասնակիցները իրավիճակը չեն սրել: Կարող ենք ասել, որ եթե ոստիկանությունը որևէ քայլ չկատարի, ապա ցուցարարների գործողությունները կարող են տարածվել ամբողջ քաղաքով և կաթածահար անել ամբողջ քաղաքային տնտեսությունը: Իսկ ոստիկանության վրա կա պարտավորությունն` կարգավորել որոշակի տարածքներ, որպեսզի կենսագործունեությունը ապահովի: Եթե նրանք ոստիկանական պատնեշ կազմեն կամ որոշակի գործողություն անեն, որպեսզի ապահովեն կենսագործունեությունը` դա նորմալ է: Իսկ ջրցան մեքենաների տեղակայումը և օգտագործումը արդեն սպառնալիք է: Ցուցարարները այս ամենը գիտակցում են: Ոստիկանները տեսնում են, որ ցուցարարները փաստացի անխոցելի են, սկսեցին հայտարարել, թե զենքով մարդ են հայտնաբերել, ալկոհոլ օգտագործած ցուցարար, այնինչ, ես էլ կարող եմ ասել, որ դրանք բոլորն իրենց կողմից ուղարկված մարդիկ են: Ցույցին մասնակցող մարդը ալկոհոլ օգտագործած կամ զենքով ցույցի չի գնա:

Ռուսական լրատվամիջոցները որակումներ տվեցին, որ սա մայդան է, արևմտյան պատվեր: Ինչո՞ւ նման քայլի դիմեցին նրանք:

Ռուսական հեռուստատեսությունները գտնվում են Կրեմլի կոշտ հսկողության տակ: Իսկ Կրեմլը իր կողմից անկառավարելի ցանկացած գործողություն համարում է վտանգավոր: Պուտինը ունի հստակ դիրքորոշում` կառավարելի դեմոկրատիա, որի իրական բովանդակությունը դիկտատուրան է: Հայաստանում կա պուտինյան համակարգում չտեղավորվող գործընթաց: Պուտինը հիմա տեսավ, որ իր իշխանությունը ինքը կարող է իրացնել ՀՀ իշխանությունների վրա, բայց ոչ ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Դրա համար նա այսօրվա իրադարձությունները համարում է այնպիսին, ինչպես մայդանը: Բայց մայդանը ևս խաղաղ, օրինական ցույցեր էին: Յանուկովիչը մասնակիցների նկատմամբ կիրառեց «Բերկուտ»-ին: Իրենք ցուցարարներին ծեծեցին, սպանեցին: Մայդանի ցուցարարները ևս զենք չեն կիրառել, այնպես որ մայդանով սարսափեցնելը տեղին չէ: Այստեղ էլ մասնակիցները ասում են թե այս պայքարը «մայդան չի», բայց մայդան է: Եթե ուզում են շեյթան դառան`ուրիշ բան: Այստեղ ևս մայդան է, մայդանը` հրապարակ է: Բայց ոչ այն կոնտեքստում, ինչպես ռուսական լրատվամիջոցներում Կիևի դեպքերն էին ներկայացվում:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին