2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանում աշխատանքային գրքույկների անհրաժեշտություն այլևս չի լինի:
«Աշխատանքային գրքույկի բովանդակությունն ի՞նչ է.տեղեկություն տվյալ անձի մասին և հրամաններ՝ աշխատանքի ընդունման և աշխատանքից դուրս գալու վերաբերյալ: Այսինքն, այն զուտ տեղեկատվական բնույթի փաստաթուղթ է: Այսօրվա դրությամբ հաշվապահներն ամեն ամիս տեղեկատվություն են ներկայացնում որևէ նոր աշխատողին ընդունելու կամ ազատելու մասին: Այսինքն, տվյալների բազան ամեն ամիս համալրվում է: Այսինքն, այն պետական մարմիներում արդեն գոյություն ունի: Հետևաբար աշխատանքային գրքույկ հակացողությունը որպես ապացույց պետք չէ: Կրկնություն է տեղի ունենում:
Գրքույկներն ավելորդ փաստաթուղթ են այսօր դարձել »,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա կարծիքով գործատուն անձին աշխատանքի է վերցնում ոչ թե նրա համար, որ գրքույկ ունի, այլ՝ գիտելիքների, որակի ապահովման համար:
Նշենք, որ քաղաքացիների աշխատանքային կենսագրության մասին տվյալների բազան կպահպանվի եւ կթվայնացվի: Դրանց գործողության եւ սեփական տվյալների բազա քաղաքացիների մուտքի հնարավորության կարգը կսահմանվի ավելի ուշ, ենթաօրենսդրական ակտերով:
Օրենքում փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում գործատուն պետք է աստիճանաբար փակի աշխատանքային գրքույկները եւ վերադարձնի աշխատողներին: Իսկ սկսնակ աշխատակիցների համար գրքույկներն ուժը կկորցնեն 2017 թվականից:
Անի Կարապետյան