Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբատյանի գրառումը. «Թունդ արևմտամետ Արամ Սարգսյանը ժամանակին բողոքում էր, որ Ռոբերտ Քոչարյանը սեփականացնում է «գույք՝ պարտքի դիմաց» Ռուսասռանի հետ գործարքի հեղինակային իրավունքները և որ իրականում այդ գործարքի հեղինակը ինքն է։
Հիշեցնեմ, որ այդ պայմանագրով $95 մլն պարտքի դիմաց Ռուսաստանին են հանձնվել մի շարք ստրատեգիական օբյեկտներ։
Երբ 2001 թվականին ՌԴ նախագահ Պուտինը այցելել էր Հայաստան և Ռոբերտ Քոչարյանի հետ ստորագրել էր «գույք՝ պարտքի դիմաց» գործարքին վերաբերող պայմանագրեր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանն այդ պայմանագրերի առթիվ հայտարարում էր հետևյալը.
«Ասեմ, որ դեռևս իմ պաշտոնավարման ժամանակ խնդիր էր առաջացել նույն ռուսական պարտքը վերադարձնելու մասին։ Գումարային պարտքը վերցնելիս մենք գրավ էինք դրել ատոմակայանի բաժնետոմսերի 20%-ը և «Նաիրիտի» բաժնետոմսերի 20%-ը։ Ես փորձում էի նախագահ Քոչարյանին համոզել, որ ճիշտ կլինի բաժնեմասերը ուղղակի տրամադրել Ռուսաստանին, քանի որ գումարներ չկան։ Հիմնավորումը հետևյալն էր՝ այսպես թե այնպես, մեր էներգետիկայի 50 %-ը Ռուսաստանի ձեռքում է, կոշտ վառելիքը և գազը մենք բերում ենք Ռուսաստանից։ Ռ. Քոչարյանը կտրականապես դեմ էր։ Այսօր ինքը միանշանակ համաձայնեց, հայտարարեց, որ դա ճիշտ քայլ է և վերագրեց իրեն։ Ռազմարդյունաբերական համալիրի մասով ասեմ, որ համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է իմ ձեռքով։ Փաստաթուղթը նախապատրաստել էր Վաղարշակ Հարությունյանը Վազգեն Սարգսյանի վարչապետության ժամանակ։ Ներկայացված էր 22 հիմնարկ-ձեռնարկություն։ Այն ժամանակ Վլ. Պուտինը վարչապետ էր, և համաձայնություն ձեռք բերվեց 18-ի մասով։ Ինչո՞ւ մենք գնացինք դրան։ Որովհետև, ուզենք թե չուզենք, իսկ ավելի լավ, որ ուզում ենք, մեր ռազմական համալիրի 50%-ը պիտի համարենք ռուսական։ Այստեղ սերտաճումը ես միանշանակ տեսնում եմ դրական» («Առավոտ», 18.09.2001)։
Այսինքն՝ Արամ Սարգսյանը «գույք՝ պարտքի դիմաց» գործարքը ոչ միայն «դրական» էր որակում, այլև՝ բողոքում էր, որ այդ գործարքի հեղինակային իրավունքները Քոչարյանը սեփականացնում է:
Շնորհակալություն Հարութ Ուլոյանին այս շատ հիշարժան հարցազրույցը գտնելու և հրապարակելու համար»։
|