▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արդյո՞ք անկեղծ է իր զղջման մեջ Խաչատուր Սուքիասյանը, արդյո՞ք նա իր գործած սխալի մեջ միտում չի ունեցել»

Հակոբ Կարապետյանը գրում է․ «Խաչատուր Սուքիասյանը հայտարարություն է տարածել․

«Այսօրվա իմ հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով 2023 թվականի ադրբեջանական ագրեսային, սխալմամբ 210 զոհի փոխարեն նշել եմ 10 զոհի մասին։

Ներողություն եմ խնդրում սխալ թիվ արտաբերելու համար և նշում, որ «ՈՐԵՎԷ ՄԻՏՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ»։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև»։ (Մեծատառերով ընդգծումները իմն են - Հ․Կ․)։

Այն, որ Սուքիասյանը ներողություն է խնդրել իր սխալի համար, լավ է, բայց տեսնենք, թե որքանով է նա անկեղծ ու արդյո՞ք իսկապես միտում չի ունեցել։

Կարդանք Սուքիասյանի՝ այսօր ավելի վաղ ասածի բառացի սղագրությունը․

Լրագրող - [արցախցիները 2023-ի սեպտեմբերին] մեծ թվով զոհեր են ունեցել․․․

Խ․Ս․ - Էդ ձե՛զ ա թվում, բերեք ինձ․․․ սուտ եք խոսում․․․ սուտ խոսեցիք, սու՛տ խոսեցիք։ ԶՈՀ ՉԵ՛Ն ՈՒՆԵՑԵԼ Ղարաբաղում 23 թվականին։ 10 ՀՈԳԻ ՄԱՐԴ Ա․․․ եթե բենզինի տրաքելուց ա, դա ուրիշ բան ա․․․ ԶՈՀ ՉԵՆ ՈՒՆԵՑԵԼ։ Էդ սկզբի կռիվն ա եղել, որ ՄԻ ՔԱՆԻ ՄԱՐԴ Ա ԶՈՀՎԵԼ․․․

Լրագրող - Այսինքն, չե՞ն կռվել։

Խ․Ս․ - Ո՞վ ա ասում, որ կռվել են։ Ո՞վ ասեց, որ կռվել են Որտե՞ղ են կռվել։ Էդ օրերին երկու օր ա տեւել, մարդիկ․․․

Լրագրող - իսկ 44-օրյայի ժամանա՞կ։

Խ․Ս․ - 44-օրյայի ժամանակ ես չեմ կարող ասել։ Ես դրա մասնագետը չեմ, էդ կգնաք դատարաններում կլսեք, ոնց ա եղել։ Ու գնացեք, հարցրեք՝ ջոկատներում ովքեր են կռվել։ Դու լրագրող եք, ինձ ինչի՞ եք հարցնում․․․ 

Հիմա՝ Սուքիասյանը նախ ընդհատում է լրագրողին ու կասկածիի տակ է դնում պնդումը, թե արցախցիները զոհեր են տվել 23-ի սեպտեմբերի ագրեսիայի ժամանակ։ Նա 3 անգամ լրագրողին մեղադրում է սուտ պնդում անելու մեջ, 2 անգամ ինքն է պնդում, որ արցախցիները զոհ չեն ունեցել, մեկ անգամ ասում է՝ տասը զոհ է եղել, 1 անգամ էլ ասում է կրկին՝ մի քանի զոհ են ունեցել։ Դրանից հետո երեք անգամ կասկածի տակ է դնում ընդհանրապես կռված լինելու հանգամանքը (ո՞վ ասեց, որ կռվել են․․․)։ Երբ լրագրողն արդեն հարցնում է 44-օրյայի մասին, էստեղ արդեն մինչ էդ վստահ Սուքիասյանի մոտ ի հայտ է գալիս իրազեկվածության պակասը․ («մասնագետ չեմ, տեղյակ չեմ, գնացեք ուսումնասիրեք»)։

Ի դեպ, Սուքիասյանը նման մի հայտարարություն արել է նախորդ տարվա սեպտեմբերին, եւ այդ ժամանակ FIP.am-ը հիշեցրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի զոհերի 21.8%-ը Արցախի գրանցում են ունեցել, այն դեպքում, երբ ԼՂՀ բնակչությունը կազմում էր երկու հանրապետությունների ընդհանուր բնակչության 4.7%-ը (!)։

Հիմա խնդրում եմ, ինքներդ դատեք՝ արդյո՞ք անկեղծ է իր զղջման մեջ Խաչատուր Սուքիասյանը, արդյո՞ք նա իր գործած սխալի մեջ միտում չի ունեցել։ Եվ առհասարակ, արդյո՞ք նա ազնիվ մարդ է, թե ողորմելի սուտասան, որը քաղաքական նկատառումներով իր շատ գործընկերների նման լծվել է ատելություն տարածելու նողկալի գործին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին