▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ադրբեջանում հրապարակվել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը»․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Երեկ Ադրբեջանում պետության հովանու ներքո գործող քարտեզագիրների միավորումը հրապարակել է. այսպես կոչված. «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Եթե նայեք դրան, ապա կտեսնեք, որ ՀՀ տեղանունները թյուրքացված են, ճանապարհի վրա չկան որևէ նշաններ, որոնք կհուշեն անցակետերի մասին։ Մի խոսքով, տխուր քարտեզ։

Իսկ մի քանի օր առաջ թուրքական խոշոր ընդդիմադիր մեդիաներից ODA TV-ի հրապարակած տեղեկատվությամբ (վերջինս հայտնի է սկանդալային լրատվությամբ, սակայն ունի մեծ և ազդեցիկ լսարան), ՀՀ դե-ֆակտո իշխանությունը համաձայնել է Սյունիքում շուրջ 1200 քռ. կմ-ոց գոտին (Մեղրիից մինչև Կապան) փաստացի հանձնել Թուրքիայի և Ադրբեջանի կառավարմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում, իսկ հայ-թուրքական Մարգարա անցակետի մոտ գտնվող մի փոքրիկ չեզոք գոտի էլ տրվելու է Թուրքիայի «հատուկ վարչական վերահսկողությանը»։

Էական չէ, թե այս լուրը որքան է ճիշտ այս պահի դրությամբ։ Էականն այն է, որ երկու հարևան ու թշնամական երկրում մեր տարածքի՝ Սյունիքի հանդեպ կատարվում է ծավալուն աշխատանք, այդ թվում՝ տեղեկատվական։

Դժվար է նկարագրել, թե ինչ ինտենսիվությամբ ու ծավալով են Ադրբեջանում և հատկապես Թուրքիայում նախապատրաստում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։

Գրեթե ամենօրյա ռեժիմով հրապարակվող հատուկ ռեպորտաժներ, վերլուծականներ, անցկացվող տասնյակ միջոցառումներ, կոչեր և ենթակառուցվածքային ծրագրեր, որոնցում «միջանցքը» կենտրոնական թեման է։ Եվ սա ողջ ամբողջական ցանկն է։
«Զանգեզուրի միջանցքի» թեման, կարելի է ասել, դարձել է թուրքական արարողակարգի մի մասը։ Օրինակ, երբ այցելում են Հայաստանին ու Նախիջևանին սահմանակից գոտիներ, տեղի պաշտոնյաներին պարտադիր կերպով շնորհավորում են «միջանցքի» բացման առիթով։

«Միջանցքի» մասին խոսում են բոլոր մակարդակներում՝ վերածելով այն նաև ներքին քաղաքականության կարևորագույն գործոններից մեկին։
Սա չի մնում անհետևանք. «Զանգեզուրի միջանցք»-ը՝ Սյունիքի հարավի նվաճումով Ադրբեջանին միանալու պանթուրքական գաղափարը մեր հարևան պետություններում դառնում է հստակ ձևակերպված հանրային պահանջ։ Իսկ ինչ է լինում դրանից հետո, հաստատ չի կարելի կոչել խաղաղություն։

Սա չի կարելի չնկատել»։

***

Յանա Գաբելիա Մանթաշևան էլ գրում է «Ադրբեջանական կողմը հրապարակել է Մեղրիի հատվածով անցնող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» քարտեզը։ Իրար հերթ չտալով՝ գոռում են, թե «միջանցք» գոյություն չունի, դա միայն մեր երևակայության մեջ է։

Վարչախմբի ներկայացուցիչները պնդում են, որ բացարձակապես չեն իրականացում Ադրբեջանի քաղաքական օրակարգը, սա,բայց դրանից հետո նույն այդ ադրբեջանական օրակարգը շատ սիրուն ձևով ներկայացնում են որպես հայկական։ Դե, հեքիաթներ սիրող հասարակություն ենք, մեկ էլ կոնսպիրոլոգիայի կողմնակից։ Որքան շատ են հեքիաթները, այնքան ավելի են համոզվում՝ դա էլ մեր կրթական համակարգի արդյունքն է։ Հնազանդ լսում ենք մեր «աստվածներին» «մտավոր» աշխարհից։

Հաճույքով տարածում են խեղաթյուրված տեղեկատվություն և հորինում անհեթեթ պնդումներ։ Մեկն ասում է՝ Զանգեզուրի միջանցքը ընդամենը գաղափարական կարևոր կարմիր գիծ է Իրանի համար, թե բա՝ սպասենք, Իրանը կպատասխանի ու կաջակցի մեզ (կեղծ և գոյություն չունեցող իրականություն)։ Մյուսը՝ թե նախագահ Թրամփն է մեր խաղաղության հովանավորը։ Մյուսները ասում են՝ ԵՄ-ն է հասնելու օգնության, մյուսները՝ Պուտինի կարմիր գիծն է միջանցքը։ Բայց չհասկացա՝ ինչու մեզ համար դա կարմիր գիծ չդարձավ, և ինչու ենք կրկին կապում մեզ կեղծ օրակարգերին ու կեղծ իրականության մեջ ապրում:

Ափսոս, որ այս բոլոր կեղծ նարատիվներն ու պնդումները փուչիկի նման պայթում են: Բայց ուշ են պայթում ափսոս»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее