«Հարգելի տիկին Հայթայան,
որքան էլ հարգեմ Ձեզ ու Ձեր տարիքը և սոլիդար լինեմ, միևնույնն է չեմ կարծում, որ ՀՀ ԱՆ մամլո խոսնակը համաքաղաքացիներին համացանցում արգելափակելով կամ մեկնաբանություններ ջնջելով կարող է վերաձևակերպել ներկայիս ՀՀ ԱՆ նախարարի կողմից մահացած ծննդկաններին վերաբերող հարցերին հնչեցրած (ինչպես դուք եք փորձում բնորոշել «շտապում» էր կամ «սխալմամբ» է ասել) հետևյալ պատասխանը. «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները: Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները՝ հասկացեք դա վերջապես: Մահվան դեպքում զբաղվում է դատավորը, մորգը»:
Չեմ կարծում, որ դուք նույն կերպ կվարվեիք, եթե լինեիք նրա փոխարեն կամ տվյալ խնդրի հետ հենց դուք առնչվեիք... Ինչու չեք ընդունում, որ արդյունքում նա վիրավորեց մարդկանց իր ոչ կոմպետենտությամբ, և առհասարակ ինչ է նշանակում, մարդկանց կյանքի հանդեպ ունեցած այս անտարբեր ու անլուրջ վերաբերմունքը։ Նա ընդգծված հեգնանքով ու արհամարհանքով է պատասխանում այն հարցերին որոնք ոչ հաճելի է համարում։
Իսկ իր խորհրդականներ ունենալուն վերաբերող հարցից ուր էր շտապում նախարարը, որ նրանցից անտեղյակ լինելով պատասխանեց, թե «Ես այսօր կհաշվեմ դրանք և մենք կանդրադառնանք դրան մեր մյուս հանդիպմանը»: Չգիտեմ դուք Ձեր նախարարությունում ինչպես, բայց մենք մարդկանց մասին դրանքով կամ սրանքով չենք արտահայտվում։
Նույնիսկ անիմաստ եմ համարում մեջբերել այլ հնչեցրած հարցերի պատասխաններ, որոնք ի դեպ վերաբերում էին նախարարի պատասխանի համաձայն իր ամբողջ համակարգին, որոնցից ինչպես նշեց կամ տեղյակ չէր նա, կամ էլ չուներ համապատասխան որևէ պատասխան։
Հ.Գ.
Ամենահեշտ ու պրիմիտիվ հիմնավորումը «բլթցրած» արտահայտություններին թյուրիմացություն կամ սխալմունք անվանելն Է... հետագայի համար լավ կլինի համապատասխան աշխատանքներ տանեք նախարարի հետ, եթե ցանկանում եք Ձեր հրապարակումների մեկնաբանություններում տեսնել միայն գովեստի ու հիացմունքի խոսքեր։ Ի վերջո դուք հենց հանրության համար եք աշխատում և լավ կլինի հարգեք հանրությանն ու նրանց կողմից հնչեցրած կարծիքները և ջնջելու փոխարեն հաշվի առնեք դրանք և դրանց տաք սպառիչ հիմնավորումներ։ Տվյալ դեպքում դա կարող է լինել ներողությունը»։