Վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն երեք հանրային ելույթ է ունեցել ու հարյուրավոր հարցերի պատասխանել:
Եթե անկեղծ, ես շատ կցանկանայի, որ մինչև պաշտոնավարման 100-րդ օրը լրանալը Կարեն Կարապետյանը ոչ մի խոսք չասեր ու միայն աշխատեր:
Իր իսկ խոսքով ծանր վիճակում գտնվող տնտեսություն ժառանգած վարչապետը թող օր ու գիշեր լուծումներ փնտրեր ու իրագործեր՝ տնտեսությունը փրկելու, նոր աշխատատեղեր բացելու և երկրից արտագաղթը կանխելու համար...
Եվ խոսեր, մարդկանց ու լրագրողների հարցերին պատասխաներ միայն դեկտեմբերի 21-ին:
Այդ օրը նա թերևս ասելիք ավելի շատ կունենար, քան ասել է իր անցած երեք հանրային հանդիպումների ընթացքում, ու ոչ թե կնշեր, թե ինչ են անելու, այլ մատնացույց կաներ, թե ինչ են արդեն արել՝ թեկուզ արածը շատերի համար քիչ թվար...
Դե ինչ արած՝ մենք՝ ժողովրդի տարբեր շերտերի ներկայացուցիչներս, այդպսիսին ենք, ու միշտ քչով չենք բավարարվում ու հնարավորին շատ ակնկալիք ունենք հատկապես այն իշխանություններից, որոնք մեր ձայնը փորձում են շահել ոչ այնքան գործով, որքան գեղեցիկ խոսքով ու համակրելի կերպարանքով:
Ամեն դեպքում, վատ չի լինի, որ մինչև դեկտեմբերի 21-ն ու դրանից հետո էլ Կարեն Կարապետյանն իմանար, որ ինչպես նրա նախորդների դեպքում, այդպես էլ իր պարագայում, հիմնական խանգարողները ոչ թե ընդդիմությունը, մամուլն ու հասարակության միշտ դժգոհ հատվածն է , այլ հենց իշխանության ու իշխող կուսակցության մեջ տիրող ու տոն տվող վատ երևույթները...
Ու դրա համար՝ կարծում եմ՝ վարչապետը, որքան էլ բաց ու ազնիվ է իր խոսքում, անկեղծությունն ու խիզախությունը խոսքի մեջ պետք է ավելացնի:
Ու եթե նա կարծում է, որ մականունավոր նախկին ու ներկա պաշտոնյանները հարիր չեն այն կուսակցությանը, որին ինքն արդեն անդամակցում է, պետք է նաև նորմալ ընդունի իրեն ուղղված հարցի մեջ ձևակերպումը, որտեղ ՀՀԿ-ն բնորոշվում է հեղինակազրկված...
Չէ՞ որ ՝ հեղինակություն ունեցող կուսակցությունը վաղուց պետք է չհանդուրժեր մականունավորներին...
Չգիտեմ, գուցե սխա՞լ եմ նկատել, բայց ինձ թվում է ՝ Կարեն Կարապետյանը հաճախ, ժողովրդի լեզվով ասած, «չորում» է իրեն հարց տվողներին ...Օրինակ, ինձ համար անհասկանալի էր, թե ինչու նա ասաց իրեն հարց տվող աղջկան՝ «դու՞ք եք հարցի հեղինակը... եթե ձեր հարցն է, ինչու՞ էիք կարդում... »:
Մի՞թե Կարեն Կարապետյանը կարծում է, որ իր դեմ աշխատում են ու այն էլ՝ գրավոր հարցե՞րի միջոցով...
Բայց վարչապետը , վստահ եմ, գիտի՝ մարդիկ կան, որ, անկախ իրենց հարցն է, թե Սևակի գրածը՝ բանաստեղծությունը, անգիր չեն կարողանում ասել...
Ի վերջո, ՀՀԿ-ի համագումարում էլ ՝ Սերժ Սարգսյանն իր ելույթը կարդում էր... Մինչդեռ, գուցե ելույթն ավելի անմիջական ու անկեղծ լիներ, եթե նախօրոք գրված չլինե՞ր ու արտասանվե՞ր...
Ու, ընդհանրաես, կարծում եմ, որ մարդկանց հարցերից նեղվել պետք չէ՝ նույնիսկ նրանից, թե եկող տարվա խորհդրարանական ընտրություններից ու 2018-ից հետո Կարեն Կարապետյանը մնալու՞ է վարչապետ, թե՞ գնալու է...Որովհետև մարդիկ, որ նորանշանակ վարչապետի հետ հույս են կապում, ուզում են հստակ իմանալ՝ ընտրություններին՝ գլոբալ առումով նրա անդամակցած կուսակցությանը քվեարկելով՝ Կարեն Կարապետյա՞նի պաշտոնավարման շարունակությունն են ապահովում, թե՞ ...
Ի դեպ, ես շատ կուզենայի, որ անդամակցելով ՀՀԿ-ին, Կարեն Կարապետյանն իր նորաձև ու աչք շոյող պիջակներին չփակցներ ՀՀԿ նշանը...Իսկ եթե պարտադիր է փակցնելը՝ կոստյումը միշտ աթոռի թիկնակին գցեր՝ թեկուզ այն կադրում վատ նայվեր...
Ու վերջում՝ զարմացա, երբ լսեցի, որ Կարեն Կարապետյանը ցանկանում է ինտելեկտուալ ընդդիմություն, որքա՞ն է անկեղծ նա այդ հարցում և արդյո՞ք ուզում է ասել, որ ընդդիմությունը ինտելակտուալ չէ... Եթե այո՝ ու՞մ համեմատ ինտելեկտուալ չէ՝ Շմայսի՞ ու հանրապետական գեներալների՞...
Եթե անկեղծ՝ ես շարունակում եմ նրանց թվին պատկանել, որ այս ամենը ինչ-որ տեղ շոու է և այն լավ է բեմականացված...
Ու եթե շոու՝ արդյոք լա՞վ չէր լինի, որ Կարեն Կարապետյանը իշխանության գար իբրև ինտելեկտուալ ընդդիմություն ու միանգամից սպառեր բոլոր հարցերն ու կասկածները կապված 2017-ի ու 2018-ի հետ...
Հեղինակ՝
Ա.Գրիգորյան