Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ արդեն նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը կարծում է, որ այս կառույցը պետք է անկախ լինի և, առիթից օգտվելով, վարչապետին ու գյուղնախարարին հարցնում է՝ ո՞ր փուլում է գտնվում ՍԱՊԾ-ից առանձնանալու հանձնարարականի քննարկումը.
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փլուզված կառույց է.պատվիրատուն է ղեկավարում: ՊՈԱԿ-ի տնօրենը փաստացի չունի գործելու ազատություն: Տարիներ շարունակ այն կառավարել են մարդիկ, ովքեր ոլորտի հետ կապ չունեն, մասնագետ չեն: Երբ որ մամուլը կամ ՀԿ-ները ծաղրում էին ծառայությանը, մենք մտածում էինք, որ կհասկանան, խելքի կգան ու վերջապես տվյալ ոլորտ մասնագետների կբերեն: Ծառայության ներկայացուցիչները երբեք ասուլիսների, բանավեճերի չեն մասնակցել, թաքնվել են մամլո հաղորդագրությունների հետևում: Մասնագետները գտնվում են ցածր օղակներում և որոշիչ դեր չունեն: Ավելին, հիմա էլ նոր պետը մասնագետ չէ ու լինելով «մենեջեր» իր հետ բերում է ևս մեկ մենեջերի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեորգի Ավետիսյանը:
Անդրադառնալով իր՝ աշխատանքից ազատվելու դիմում գրելուն, նշեց.
«Ծառայության պետի փոփոխությունից հետո որոշեցին փոխել տնօրենին, ով մասնագետ չէ, աշխատանքից ազատեցին ոլորտի լավագույն մասնագետներից մեկին ու ինչ-որ մենեջերի բերեցին, ով էլ առանց որևէ հիմնավորման հայտնեց, որ ինձ չեն ցանկանում տեսնել փոխտնօրենի պաշտոնում: Ես գրեցի դիմում, որտեղ ասվել է.«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը որևէ հիմնավորում չբերելով չի ցանկանում ինձ տեսնել փոխտնօրենի պաշտոնում, խնդրում եմ ազատել: Թվում էր՝ մեր հրաշք մենեջերները կասեն, որ տվյալ դիմումով հնարավոր չէ աշխատանքից ազատվել, բայց ի զարմանս ինձ՝ դիմումս մակագրվեց միանգամից ու ազատման հրաման տրվեց: Սակայն, քանի որ աշխատողն իրավունք ունի 3-օրյա ժամկետում հետ կանչել իր ազատման մասին դիմումը, այդպես էլ արեցի: Պետք է ամեն ինչ անենք, որ տվյալ լաբորատորիան չլինի ՍԱՊԾ կազմում: Անգամ միայն խորհրդատու կարող եմ լինել, թե չէ մասնագետներին ազատում են, անհասկանալի ծագմամբ փորձագետներ են հայտնվում, իսկ ոլորտն այնպիսին է, որ դժվար է համապատասխան մասնագետների գտնել»:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Իշխան Կարապետյանը նոյեմբերի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։
Մամուլի տեղեկություններով՝ Իշխան Կարապետյանը ՀՀ վարչապետի ազգականն է, Իշխան Կարապետյանը մինչեւ 2012 թվականը եղել է «Հայռուսգազարդ» ընկերության ղեկավարի տեղակալը, նախկինում Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրենը:
Անի Կարապետյան