1in.am-ը գրում է.
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Մաթևոս Սարոյանի գործի դատական քննությունը:
24-ամյա Մաթևոսը ժամանակին եղել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, իսկ դեպքի կատարման պահին նա աշխատել է դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
Մաթևոսին մեղադրանք էր առաջադրված տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Տուժողը Մաթևոսի խորթ մոր բարեկամն է:
Դեպքի պահին Մաթևոսը նույն գործիքով առողջության թեթև վնաս է հասցրել ևս մեկ անձի, ով չի բողոքել, այդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է:
Դատական ակտում ամրագրված է, որ Մաթևոսի ծնողները 2013 թվականին ամուսնալուծվել են: Մաթևոսն ու քույրն ապրել են մայրիկի հետ: Հայրը ամուսնացել է ուրիշ կնոջ հետ, նոր ընտանիք է կազմել: Մաթևոսը պարբերաբար այցելել է հորը, շփվել է նրա ընտանիքի հետ:
2015 թվականի մարտի 15-ին, ժամը 21-ի սահմաններում Մաթևոսը այցելել է Վանաձորի Բաթումի փողոցի տնակներից մեկում ապրող հոր ընտանիքին: Բակում տեսել է անծանոթ մեքենա: Այդ պահին Մաթևոսի խորթ մոր քույրն իր ամուսնու, վերջինիս եղբոր, երեխաների հետ հարևանի մեքենայով եկել էր քրոջը տեսության:
Երբ Մաթևոսը բակ է մտել, այդ հյուրերը նույնպես բակ են դուրս եկել ու սկսել են հրաժեշտ տալ: Մաթևոսը մոտեցել է խորթ մորաքրոջ ամուսնուն՝ Փաշիկին, ու, ըստ դատական ակտի՝ «ծաղրելով և «ապերիկ» անվանելով՝ հարցրել է նրա անունը»: Ծաղրական տոնից Փաշիկը զայրացել ու Մաթևոսին ապտակել է մեկ անգամ: Նրանց մեջ քաշքշոց է առաջացել: Փաշիկի եղբայր Ստեփանը, մեքենայի վարորդ Արմենը, ինչպես նաև Փաշիկի կինը փորձել են հեռացնել կռվողներին:
Ըստ դատական ակտի՝ «չհանդուրժելով հոր տան առաջ օտարի կողմից ապտակ ստանալու հանգամանքը, անտեսելով տատի ու խորթ մոր խնդրանքները՝ կռիվը դադարեցնելու վերաբերյալ, Մաթևոս Սարոյանը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է կռիվը դադարեցնելու ջանքեր թափող Արմենի գոտկային շրջանին՝ պատճառելով թեթև վնաս, ապա՝ Փաշիկի եղբոր՝ Ստեփանի թիկունքային աջ շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ ծակած-կտրած թափանցող վերք՝ աջակողմյան պնևմոթորաքսով և ենթամաշկային էմֆիզեմայով:
Ստեփանը գոռացել է, օգնություն է կանչել, իսկ Մաթևոս Սարոյանը դիմել է փախուստի:
Ստեփանին տեղափոխել են հիվանդանոց:
Մաթևոսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, նա հայտնաբերվել ու կալանքի տակ է առնվել մեկ ամիս անց՝ 2015 թվականի ապրիլի 16-ին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում