Դեկտեմբերի 5-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում հայտարարվեց Ամանորի և Սուրբ Ծննդյան սկիզբը` ամանորյա տոնածառի զարդարման բարեգործական միջոցառմամբ: Հյուրանոցը Օրրան հասարակական կազմակերպության և SOS մանկական գյուղերի հետ միասին կազմակերպել էին ամանորյա տոնածառի զարդարման միջոցառում կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար:
Հավաքվել էին 50-ից ավելի երեխաներ, ովքեր պատրաստեցին թխվածքներ և քաղցրավենիքներ, որից հետո նրանց մատուցեցին համեղ ու բազմազան ուտեստներ, որոնք համտեսելուց հետո երգեցին, պարեցին ու զանազան խաղեր խաղացին ծաղրածուի հետ:
Այնուհետև բոլոր երեխաները հավաքվեցին տոնածառի մոտ, Սուրբ Ծննդյան երգեր երգեցին ու իրենց իսկ ձեռքով պատրաստված «քաղցր խաղալիքներով» զարդարեցին այն:
Օրրանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սուսաննա Մանուկյանի խոսքով` այս նախաձեռնությունը հաշմանդամ և կարիքավոր երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու օգնության ևս մեկ քայլ է.
«Արդեն տասներորդ տարին է, ինչ Օրրան հասարակական կազմակերպությունը Արմենիա Մարիոթ հյուրանոցի հետ կազմակերպում է տոնածառի զարդարում`քաղցրավենիքներով: Այս համատեղ նախաձեռնության նպատակը կարիքավոր երեխաներին հասարակության մեջ ինտեգրելն է: Սա Օրրանի երեխաների ամենասիրելի միջացառումներից մեկն է: Երեխաներից յուրաքանչյուրն իր երազանքն է պահում և իր իսկ ձեռքով պատրաստված խաղալիքն է կախում Արմենիա Մարիոթ հյուրանոցի տոնածառից, որը ոչ միայն հաջողություն է բերում հյուրանոցին, այլ նաև Օրրանի և աշխարհի բոլոր երեխաներին: Այսօրվանից արդեն Օրրանի երեխաների համար սկսվում է Ամանորի հրաշքը»:
72157675743072292