1in.am-ը գրում է. Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական քննությունը:
Կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…
Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալ էլ կա՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, նա մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:
Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար: Այդ միջադեպը տեղի է ունեցել Հայկազի սպանությունից երեք օր առաջ՝ 2015 թվականի հունվարի 25-ին:
Դատարան էր ներկայացել այս գործով վկա կուրսանտ Թելման Մխիթարյանը:
Այս գործից անջատված մասով Թելման Մխիթարյանը ամբաստանյալ է՝ դեպքի գիշերը նա եղել է օրապահ, ըստ մեղադրանքի՝ հերթապահության կանոնները խախտել, պարտականությունները ոչ պատշաճ է կատարել:
Քանի որ Թելման Մխիթարյանը ամբաստանյալի կարգավիճակ ունեցող վկա է, նախագահողը նրան բացատրեց ցուցմունք տալու կամ չտալու՝ ամբաստանյալի՛ իրավունքները, այն, որ ամբաստանյալ-վկան նույնպես իրավունք ունի ցուցմունք չտալ, հարցերին չպատասխանել, ինքն իր դեմ ցուցմունք չտալ, ու դա չի կարող մեկնաբանվել ի վնաս նրա:
Թելման Մխիթարյանը հայտարարեց, թե ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց հրաժարվում է:
Դատարանը հրապարակեց Թելման Մխիթարյանի նախաքննական ցուցմունքները:
Թելմանը այն քիչ վկաներից է, ով անուններով նշել է, որ դեպքի գիշերը տեսել է՝ ինչպես են Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանն ու Մովսես Ազարյանը աստիճաններով իջեցնում հինգերորդ կուրսանտին, ում հագին բուշլատ կար, նրա գլուխը կախված էր, ու ենթադրաբար՝ դա արդեն անկողնում սպանված Հայկազ Բարսեղյանն էր, ում տանում էին մարզահարապարակում կախելու՝ ինքնասպանության պատրանք ստեղծելու նպատակով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում