azatutyun.am-ը գրում է. «Մի հատ 888 համարով ավտոն վրեդ քշում է, չես կարող խոսել, կամ՝ Լիսկայի 777 համարով ավտոն անցնում է վրայովդ, չես կարող խոսել»,- դժգոհում է հեռացող սիրիահայերից մեկը:
Սիրիական պատերազմի սկզբում Հալեպից Հայաստան եկած Հարություն Փալուլյանը երկու օր առաջ էր Երևանում ամուսնացել, սակայն, իր նոր ընտանիքի ապագան հայրենիքի հետ չի կապում։ Ապրուստը թանկ է, աշխատավարձը չի բավականացնում: «Հաստատ ստեղի կառավարությունից լավ ա, արդեն յանըմ սիրիահայերին օգնում են, սուտ է, Հրանուշ Հակոբյանին պետք է ազատեն աշխատանքից»,- ասում է նա:
Օտար Մոնրեալում Հարությունի նորաստեղծ ընտանիքին արդեն սպասում են։ Խոստացել են նաև աշխատանք գտնել։ «Ազատության» հետ զրույցում սիրիահայերն ասում են, որ Կանադա մեկնելու համար անհրաժեշտ պայման է՝ տեղում երաշխավոր ունենալը, ով բնակարան կգտնի և կաջակցի՝ մինչ իրենք աշխատանք կգտնեն։ «Մոնրեալ ենք գնում, պետք է որ աշխատանք ճարենք, լիքը բարեկամներ ունենք: Իրենք էլ են հասել այնտեղ, նենց չի, որ մենք առաջինն ենք։ Հոսքը շատ շատ է, երևում է»,- ասում է Հարությունը՝ ցույց տալով Կանադա մեկնող սիրիահայերի շարքը։
Հայաստան գալուց կարճ ժամանակ անց «Հայկական ծրագրեր» ընկերությունում աշխատանք գտած Հարությունը փորձել է ինքն էլ նպաստել, որ երկրում փոփոխություններ լինեն: Բազմիցս բողոքի ցույցերի է մասնակցել։ Անցած երեքուկես տարիներին, սակայն, հիասթափվել է: «Փողի խնդիր չի ստեղ, այլ ապրելակերպի, մի հատ 888 համարով ավտոն վրեդ քշում է, չես կարող խոսել, կամ՝ Լիսկայի 777 համարով ավտոն անցնում է վրայովդ, չես կարող խոսել»,- ասում է Հարությունը:
Նրա մայրը՝ Արաքսյան ասում է, որ իր համար ավելի դժվար է՝ Հալեպից Երևան, հիմա էլ՝ Մոնրեալ: Օվկինոսից այն կողմ տարեց կինը չի պատկերացնում իր ապագան, բայց «պարտավորված է» գնալ։ «Նավը ուր պիտի տանի, էդտեղ պիտի գնանք։ Երեխաներս գնում են, ես էլ պիտի գնամ պարտավորված, բայց հավատա, որ առանց ուզելու կգնամ, կյանքն էր Հալեպը, էդտեղ տունս թողեցի, էստեղ տունս թողեցի, հայի բախտ է, էդտեղից փախանք եկանք, էստեղից կփախնենք, վերջը, վերջը ուր՞։ Հիմա որ ասեն պատերազմը վերջացել է, չեմ գնա Կանադա, կդառնամ տունս»,- ասում է տիկին Արաքսյան։
Պետրոս Քիրազյանը որդուն ճանապարհ էր դնում հաջողության հասնելու ակնկալիքով՝ «էստեղ հազիվ վարձ ես տալիս, էնտեղ գոնե կհաջողի»: Որդին՝ 27-ամյա Սարգիսը մասնագիտությամբ խառատ է, ասում է, որ անցած երեք տարիներին Հայաստանում այդպես էլ չկարողացավ հաջողության հասնել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում