▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա Ծուռ» Արթուր Սողոմոնյանի եւ նրա պաշտպանի դիմումը

Ձեզ ենք ներկայացնում «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արթուր Սողոմոնյանի եւ նրա պաշտպանի դիմումը.

Հասցեատեր 1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ

Հասցեատեր 2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ

Հասցեատեր 3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար

Հասցեատեր 4. Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան

Թիվ 58212116 քրեական գործով մեղադրյալ

Արթուր Սամվելի Սողոմոնյանից («Նուբարաշեն» ՔԿՀ, խուց 15) և

պաշտպան՝ փաստաբան Մուշեղ Շուշանյանից,

Դիմում

26/11/2016թ.-ին պաշտպանյալս ինձ հայտնել է, որ կալանավորվելուց և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց մոտ 10 օր անց, այսինքն՝ մոտավորապես ս.թ. օգոստոսի 12-ից սկսած իր մոտ սկսել է և մինչ օրս շարունակվում է թարախակալման պրոցես, ինչն արտահայտվել է, մասնավորապես, դեմքի, գլխի, նաև՝ ծոծրակային հատվածի, մարմնի, այդ թվում՝ կրծքավանդակի շրջանի և մեջքի, այդ թվում՝ երիկամային շրջանի թարախակալմամբ: Թարախակալումն ուղեկցվում է մարմնի թարախակալված մասերի ցավերով, մասնավորապես՝ ուժգին գլխացավերով, նաև՝ մազաթափությամբ: Դեմքի վիզուալ ուսումնասիրությամբ պարզորոշ երևում են մազածածկույթի տակի մաշկի վնասված հատվածներ:

Պաշտպանյալս տեղեկացրել է, որ վերոնշյալ առողջական խնդրի ի հայտ գալուց ի վեր անցած ավելի քան երեք ամիսների ընթացքում բազմիցս դիմել է իրեն բժշկական օգնություն տրամադրելու խնդրով, սակայն այդպես էլ որևէ բուժօգնություն նրան չի տրամադրվել. բժիշկ կանչելու նրա պահանջները հիմնականում մնացել են անարձագանք (որևէ բժիշկ և բուժաշխատող նրան տևական ժամանակ չի այցելել), մեկ անգամ նրան այցելել է բուժակ, ով լսելով գանգատները, հայտնել է, որ ոչնչով օգնել չի կարող, երկու անգամ քննության նպատակով նրանից վերցրել են արյուն, որոնց արդյունքների մասին ոչինչ չեն հայտնել մինչ օրս և, վերջապես, մեկ անգամ հաջողվել է հանդիպել բժշկին, ով ասել է, որ դեղեր կնշանակի, սակայն այդպես էլ որևէ դեղորայք չի տրամադրվել:

Փաստ է, որ Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի չէ իր հսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորների և դատապարտյալների համար ապահովել պատշաճ բժշկական օգնության տրամադրում: Ավելին՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկում (նվազագույն կենցաղային, սանիտարա-հիգիենիկ և մարդու արժանապատիվ կեցության համար անհրաժեշտ մյուս պայմանների բացակայության հաշվառմամբ) պահվելը  ինքնին անհամատեղելի է մարդու արժանապատվության հետ և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է ցանկացած կալանավորի կամ դատապարտյալի համար: Այդուհանդերձ, անվիճելի է, որ պետությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ և որակյալ բուժօգնության տրամադրումը կալանավորված անձանց համար: Ուստի, պաշտպանյալիս մոտ առկա առողջական խնդիրը ախտորոշելու և բուժում նշանակելու նպատակով նրա անհապաղ հետազոտումը կազմակերպելուց զատ, խնդրում եմ նաև պատասխանել հետևյալ հարցերին ՝

1.Ո՞վ է պատասխանատու Ա. Սողոմոնյանին տևական ժամանակ բժշկական օգնություն չտրամադրելու համար:

2.Արդյո՞ք Ա. Սողոմոնյանի բժշկական քարտում կատարված է որևէ գրառում նրա գանգատների կապակցությամբ: Առկայության դեպքում խնդրում եմ նաև տրամադրել բժշկական քարտի լուսապատճենը:

3.«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը արդյո՞ք պարտավոր չէր, Ա. Սողոմոնյանին անհապաղ պատշաճ բուժօգնություն տրամադրելուց զատ, պարզել նաև նրա հետ նույն խցում գտնվող անձանց առողջության համար հնարավոր վտանգի առկայության և նման վտանգի դեպքում՝ նրան մեկուսացնելու հանգամանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more