▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա հանցագործություն է.փորձենք պաշտպանել օդանավակայանը

«Զվարթնոց» օդանավակայանի շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նամակով դիմել է Քաղաքաշինության նախարարություն՝ խնդրելով պարզաբանել՝ արդյո՞ք «Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան ապամոնտաժելու քաղաքապետի թույլտվությունն օրինական է և արդյո՞ք թույլտվություն տրամադրելու հետևանքով չի վտանգվում համալիրն ամբողջությամբ: Նախարարությունից պատասխանել են, որ դիմումը մուտքագրվել է աշխատակազմ.

«Զվարթնոց» օդանավակայանի հին համալիրի էստակադան ապամոնտաժելու որոշումը տրվել է առանց նախագծային փաստաթղթերի: Բոլորս պետք է փորձենք պաշտպանել օդանավակայանը: Դեռևս 20 տարի առաջ, երբ շրջափակման մեջ էինք, դրսի հետ կարողացանք կապ հաստատել «Զվարթնոց»-ի միջոցով: Գոյություն ունեցող նոր օդանավակայանը մասնավոր սեփականություն է ու կարող է ցանկացած պահի վաճառվել, դադարեցնել իր գործունեությունը և այլն ու այս պարագայում ոչնչացնել մեր ստրատեգիկ օդանավակայանը՝ հանցագործություն է: Չի կարելի նման անհեռանկար քայլեր կատարել, չէ՞ որ մինչ օրս ՀՀ-ն մասամբ շրջափակված է, չի գործում երկաթգիծը, ճանապարհներն այսօր կան, վաղը՝ ոչ: Ո՞նց կարող է կոնցենսիոները, ով ընդամները կառավարման իրավունք ունի, որոշել, պահանջել ու պնդել, որ պետությունը տա քանդման թույլտվությունը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անահիտ Թարխանյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ նշեց, որ անընդհատ եզրեր են փորձել գտնել, որպեսզի հարցը մինչև վերջ քննարկվի, սակայն անարդյունք.

«Խնդիրն այն է, որ մի տեսակ արհմարհանք կա կոնցեսիոների թիմի կողմից, ճարտարապետների հետ մինչև վերջ չեն աշխատում: Մենք ցանկանում ենք ասել, որ շենքը հնարավոր է պահպանել: Բանն այն է, որ ի սկզբանե նրանք որոշել են, որ այդ մասնաշենքը չի աշխատելու ու միակ լուծումը քանդելն են համարում,-մանրամասնեց Ճարտարապետների միության նախագահը:

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նկատեց. «2013 թվականի դեկտեմբերին Կառավարության կողմից հապճեպ որոշում կայացվեց՝ քանդելու վերաբերյալ: Իրականում շենքը ոչ միայն վթարային չէ, այլև այսօրվա նորմաներին է բավարարում: Մենք դիմեցինք բոլոր քաղաքակիրթ միջոցներով, բայց պաշտոնական որևէ արձագանք չստացանք»:

Ճարտարապետները հիշում են՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո այս օդանավակայանն էր, որ գերբեռնված վիճակում պահել է կապն աշխարհի հետ: Իսկ մենք մոռանում ենք սա, այնինչ ուրիշ երկրներում միայն սրա համար կպահեին կառույցը:

Նշենք, որ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, որը հանդիսանում է դեպի Հայաստանի Հանրապետություն օդային գլխավոր դարպասը, սկսել է գործել դեռևս 1961 թվականից:

                                                                                                     Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more