Համացանցում հայտարարություն է տարածվել, որով իրազեկվում է, որ պատմամշակութային արժեքների պահպանման ու վերականգնման խնդրով մտահոգ քաղաքացիները, հավատարիմ մնալով իրենց պայքարին, այս անգամ պահանջագիր են ներկայացնում BeeLine ընկերությանը: Նշվում է, որ պահանջի չբավարարման դեպքում ընկերության ծառայությունների բոյկոտի զանգվածային ակցիա է նախաձեռնվելու:
Պահանջագրի տեքստում, մասնավորապե նշված է.
Պահանջում ենք հեռացնել Beeline ընկերության` Հրշեջների շենքի վրա փակցված գովազդային պաստառը, քանի որ այն տեղադրված է պետության կողմից պահպանվող հուշարձան-շենքի ճակատին: Շենքն արդեն իսկ գտնվում է վթարային վիճակում, և պաստառը հնարավորություն է տալիս քողարկել շենքի հնարավոր քանդման ապօրինի գործնթացը։ Այս մտահոգությամբ բազմաթիվ գրություններ են ուղղվել պատկան մարմիններին, սակայն արդյունքում ստացվել են իրարամերժ պատասխաններ: Ըստ այդմ, թեև շենքը գտնվում է պետության խնամքի ներքո, սակայն՝ հաշվի առնելով հուշարձան-շենքին սպառնացող հնարավոր վտանգները, մենք՝ քաղաքացիներս, որոշել ենք ինքներս հանձն առնել շենքի պահպանման գործն ու պահանջատիրությունը: Շինությունը հանդիսանում է Սախարովի անվան հրապարակի ճարտարապետական ընդհանուր դիմագծի մի մասը. պաստառի առկայությունը ոչ միայն խախտում է այդ դիմագիծը, այլև ֆիզիկական վտանգ է ներկայացնում Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Բունիաթյանի հեղինակած հուշարձան-շենքի գոյությանը:
Beeline ընկերությանը հորդորում ենք չհապաղել, այլապես գովազդելու փոխարեն կկորցնեն իրենց բաժանորդներին, որոնք պատրաստվում են զանգվածային արշավ սկսել Beeline ընկերութայն ծառայություններից հրաժարվելու նպատակով։
Եթե առաջիկա օրերի ընթացքում պաստառը չհեռացվի հուշարձան-շենքից, մենք մարտի 3-ին, ժամը 13-ին կհավաքվենք Beeline-իՀյուսիսային պողոտայի գրասենյակի մոտ` վերադարձնելու այդ օպերատորին պատկանող հեռախոսային քարտերը»:
Նախաձեռնության ֆեյսբուքյան Էջն` այստեղ