ՀԷՑ-ից վստահեցնում են, որ քաղաքացու ահազանգում «կյանքին սպառնացող» խնդիր գոյություն չունի և պարզաբանում են, որ արվում է հնարավորը՝ հարցի լուծման համար․ նաև տեղեկացնում են, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.07.2017 թվականին կայացված վճռի համաձայն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության համար սահմանվել է պարտականություն վերացնել վեճի առարկա էլեկտրական ենթակայանի հետ կապված ք.Երևան, Քանաքեռ 1-ին փողոց 29/1 տան և հողամասի բնականոն տնօրինման, տիրապետման և օգտագործման խոչընդոտները:
Քաղաքացի Ահարոն Սուքիասյանին հղված ՀԷՑ-ի պատախանում, մասնավորապես, նշվում է․ «Ելնելով այն հանգամանքից, որ թիվ ԵԱՔԴ/1072/02/15 քաղաքացիական գործով կայացված վճռից և դրա հիման վրա տրված կատարողական թերթի բովանդակությունից հստակ չէ, թե ինչպիսի գործողություններ պետք է իրականացնվի Ընկերության կողմից Ձեզ պատկանող բնակելի տան և հողամասի բնականոն տնօրինման, տիրապետման և օգտագործման խոչընդոտները վերացնելու համար՝ Ընկերությունը ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը էր ներկայացրել դիմում՝ դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից դատարանին հասցեագրված կատարողական թերթը պարզաբանելու դիմումի հիման վրա Դատարանի կողմից տրամադրվել էր պարզաբանում համաձայն որի՝ Ընկերությունը պետք է վերացնի հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասում առկա և Ընկերությանը պատկանող էլեկտրական ենթակառուցվածքների շահագործման հետևանքով սեփականատիրոջ ընտանիքի անվտանգությանը սպառնացող խոչընդոտները, ինչպես նաև վերացնի սահմանված նորմերից բարձր աղմուկները:
Դատարանի կողմից տրված պարզաբանման արդյունքում ըստ էության կրկին չի հստակեցվել դատական ակտով Ընկերության համար սահմանված պարտականությունները, մասնավորապես՝ պարզաբանման միջոցով չորոշակիացվեց, թե ինչ բնույթի գործողություններ պետք է նախաձեռնվի հայցվորի ընտանիքի անվտանգությանը սպառնացող խոչընդոտները վերացնելու համար:
Չնայած դատական ակտի որոշակի չլինելու հանգամանքին՝ Ընկերությունը նախաձեռնել է ենթակայանի տեղափոխման գործընթաց, որից ելնելով՝ Ընկերությունը 24.10.2019 և 27.08.2020 թվականներին դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ենթակայանը տեղափոխելու համար 20 քմ մակերեսով հողամաս հատկացնելու համար:
Երևանի քաղաքապետարանը 13.11.2019 թվականի թիվ 18-06/1 –Կ-4939 և 02.10.2020 թվականին թիվ 18-06/2-90446 գրություններով հայտնել էր, որ առաջարկվող տարածքի տեղազննության ժամանակ պարզվել է, որ շինություններից նորմատիվ հեռավորությունները պահելով՝ 100 մետր շառավղով 20 քմ մակերեսով հողամաս առանձնացնել հնարավոր չէ ( թիվ 18-06/2-90446 գրության պատճենը ներկայացվում է):
Հաշվի առնելով, որ քննարկվող ենթակայանից սնվում են թվով 163 սպառող, որոնց էլեկտրամատակարարումը չի կարող ընդհատվել, հետևաբար Ընկերությունը՝ 30.03.2022 թվականին կրկին դիմել էր Երևան համայնքին՝ ենթակայան տեղադրելու համար Ընկերության կողմից համայնքին ներկայացված տարածքներից հնարավոր հողամաս հատկացնելու համար։
Վերոնշյալ դիմումին ի պատասխան՝ Երևան քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունը պատասխան գրությամբ հայտնել էր, որ բարձրացված հարցերը բազմակողմանի և լիարժեք ուսումնասիրելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ քննարկումներ իրականացնել աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հետ:
Սակայն նշված քննարկումներից հետո Ընկերությունը տեղեկացվել էր, որ 100 մետր շառավղով 20 քմ մակերեսով հողամաս տրամադրել հնարավոր չէ։ Հաշվի առնելով Երևան համայնքի կողմից տրված մերժումները, Ընկերության կողմից նախաձեռնվել է ենթակայանի տեղափոխման համար անհրաժեշտ հողամասի ձեռք բերման նպատակով մրցույթ։ Մրցույթները հայտարարվել էին 05.02.2021 և 29.04.2022 թվականներին, սակայն մրցույթին մասնակցության որևէ հայտ չի ներկայացվել և վերջիններս չեն կայացել։
Հաշվի առնելով քննարկվող ենթակայանից սնվող թվով 163 սպառողներին անխափան էլեկտրամատակարարմամբ ապահովելու Ընկերության պարտականությունը՝ հայտնում եմ, որ ենթակայանի այլ տարածքում տեղակայման համար անհրաժեշտ հողամասի հատկացման կամ դրա ձեռք բերման պարագայում միայն հնարավոր կլինի իրականացնել ենթակայանի տեղափոխությունը։
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Ձեր դիմումում նշված քրեական գործի (թիվ 13994719) վարույթը ՀՀ քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ՝ երրորդ դասի խորհրդական Հ. Դ. Ասատրյանի 03.05.2022 թվականի որոշմամբ կարճվել է»։
Քաղաքացին բողոքում է ՀԷՑ-ից և ահազանգում է «կյանքի սպառնալիքի» մասին
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արցախյան առաջին և վերջին պատերազմի մասնակից, անժամկետ երկրորդ կարգի հաշմանդամ Ահարոն Սուքիասյանն ահազանգում է՝ Քանաքեռ առաջին փողոց 29/1 հասցեում գտնվող իր սեփական հողամասի տարածքում տասնյակ տարիներ ապօրինի տեղադրված է բարձրավոլտ էլեկտրական ենթակայան՝ հենասյան հետ միասին, որը պատկանում է Հայաստանի Էլեկտրական Ցանցերին։
Քաղաքացու բողոքը ոչ մի կերպ տեղ չի հասնում, խնդիրը՝ լուծում չի ստանում։
Ահարոն Սուքիասյանը նշում է, որ այս ընթացքում ենթակայանում հրդեհ է բռնկվել ու հավելում է՝ 2018 թվականից կա օրինական ուժի մեջ մտած դատական վճիռ, որն մինչ այսօր չի կատարվում․ «Արդեն 7 տարի է անցել է, բայց օրինական ուժի մեջ մտած վճիռն հարկադիր կատարողն չի կատարում»։
Դիտեք նաև՝