Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով՝ 2015թ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%, այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից մոտ 3-ը ամսական 41698 ՀՀ դրամ վերին աղքատության գծից ցածր են գտնվել:
2014 թ. համեմատ, երբ աղքատության մակարդակը 30.0% էր, արձանագրվել է աղքատության մակարդակի նվազում 0,2 տոկոսային կետով:
2015 թ-ին աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 900 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ ծայրահեղ աղքատները)`մոտ 310 հազար, ներառյալ 60 հազար ծայրահեղ աղքատները: 2015 թվականին հարցվածների 15.6%-ն իրեն համարել է աղքատ (ըստ սպառման ագրեգատի հաշվարկված 29.8%-ի համեմատ):
Իրեն ծայրահեղ աղքատ է համարել 1.9%-ը, ինչը շատ մոտ է մեկ չափահասին համարժեք սպառման ցուցանիշով գնահատված ծայրահեղ աղքատության մակարդակին (2.0%):
«Սրանք ոչ մի իրական պատկեր չեն տալիս: Եթե աղքատության վերին սահմանը մեկ շնչի հաշվով 42.000 դրամ է և աղքատ են դրանից պակաս ստացողներն են համարվում աղքատ: Պատկերացրեք՝ 50.000 դրամ ստացող թոշակառուն աղքատ չի համարվում: Իմ գնահատականով՝ մեր հասարակության 2/3-ը ռեալ աղքատության շրջանակում է: Մենք ոչ մի կերպ դատողություն չենք կարող անել միջին դասի մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրանուշ Խառատյանը՝ հավելելով.
«Իրական պատկերից շատ հեռու ենք, որովհետև պետք է հաշվարկեն հասարակության ամենաբարձր և ամենացածր եկամուտ ունեցող 10 տոկոսին, բայց, ցավոք ՀՀ-ում լուրջ, մեծ եկամուտներ ունեցող ընտանիքները երբեք չեն համաձայնվել ընդգրկվել հետազոտությունների դաշտ: Մեր հետազոտությունների բարձրագույն շեմը 400.000 դրամ եկամուտ ունեցողն է»:
Հրանուշ Խառատյանի խոսքով՝ բազմիցս են մեծահարուստներին կոչ արել տվյալներ հաղորդել, մասնակցել հետազոտություններին, սակայն նրանք անդրդվելի են:
Անի Կարապետյան