Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պատերազմ, թե՞ խաղաղություն
Պետք է որոշում կայացվի:
Բայց ով, ինչպես եւ երբ:
Ո՞վ - ժողովրդի անունից ով պետք է կայացնի այդ որոշումը, եթե ոչ միայն հենց ինքը՝ ժողովուրդը:
Ինչպե՞ս - մինչ այսօր մեզ հայտնի մեկ միջոց ունենք ուղիղ ժողովրդավարության՝ հանրաքվե:
Ե՞րբ - միայն բովանդակային քննարկումից եւ արդար եւ ազատ հանրաքվեի (այսինքն՝ ընտրության) երաշխիքներ ունենալուց հետո:
Ահա այն հարցերը, որոնք պետք է առաջնային քննարկման դրվեն:
Եւ քննարկման մեկնարկը տրված է արդեն: Նախագահ Տեր-Պետրոսյանն արտահայտել է իր դիրքորոշումն այս մասին նախաձեռնելով այս հարցի կապակցությամբ այս օրերի բուռն քննարկումը:
Բայց հիշենք. նա ասում է, որ սա ընդամենը կարծիք է: Այ սա է բանալի բառը: Որքան էլ իր կարծիքը ոմանց համար հեղինակավոր լինի, իսկ ոմանց համար՝ անընդունելի, այդ ոմանց դիրքորոշումը նույնպես կարծիք է:
Յուրաքանչյուրս ունի այդպիսին: Յուրաքանչյուրիս է վերաբերելու "պատերազմ, թե խաղաղություն" հարցի մասին վերջնական որոշումը եւ յուրաքանչյուրիս սերնդին:
Իսկ ինչպե՞ս է կայացվելու որոշումը: Չէ որ այն լինելու է համապարդադիր ուժ ունեցող կամքի արտահայտում, այլ ոչ՝ սոոսկ մի կարծիք: Ոչ այլ կերպ, քան վերեւի հարցերի հաջորդական եւ պարզ պատասխաններ տալով:
Ի վերջո ինչպիսին էլ լինի այս հարցի լուծումը՝ փոխզիջումների ճանապարհով, թե՝ որեւէ զիջում չհանդուրժելու, որոշումը պետք է լինի լեգիտիմորեն կայացված եւ դրա ծանր հետեւանքները կրողներիս կամքով եւ արդար ընթացակարգով:
Ես չեմ արտահայտի իմ նախընտրությունը, թե ինչ կարծիք ունեմ արցախյան հիմնախնդրի կարգավորման տարբերակի (կամ առհասարակ որեւէ կարգավորման անհրաժեշտության) մասին, քանի որ դա երկրորդ քայլ է, իսկ առաջինը դեռ չեմ կարողանում անել: Եթե ազատ եւ արդար ընթացակարգով կայացվի որոշումը, դա է իմ որոշումը լինելու հենց այդ որոշման ուժի մեջ մտնելու պահից: Իսկ իմ կարծիքը կարող է իմ եւ այլոց համար կարեւոր լինել մինչեւ նման լեգիտիմ որոշման կայացումը: Սա է պետությունը:
Այսինքն. ես՝ ոչմիթիզականս, անմիջապես փոխզիջող եմ դառնալու հենց այդ որոշման ուժի մեջ մտնելով: Եւ ես՝ փոխզիջողս, անմիջապես ոչմիթիզական եմ դառնալու նույն պահին: Կախված նրանից, թե իշխանության բարձրագույն կրողն ինչ է որոշելու: Լինեմ ես քաղաքական գործիչ, զինվորական, դիվանագետ, դատավոր, ուսուցիչ, թե ... այս որոշումն է լինելու այն հեղինակավոր հղումը, որն անառարկելի է լինելու իմ համար: Ահա դավաճանը լինելու է հենց այս որոշմանը, այլ խոսքով՝ Հայաստանի Հնարապետության Սահմանադրությամբ եւ արդար ընթացակարգով արտահայտված ժողովրդի կամքին չենթարկվողը, այլ ոչ նա, ով մինչ այդ իր իրավունքն է կյանք իրագործում իր եւ իր սերունդների ապագայի մասին իր դիրքորոշումն արտահայտելով եւ մյուսներին այդ կարծիքի իրավացիությունը համոզել ցանկացողը:
"Պատերազմ, թե խաղաղություն"-ը հարցն է, որ վերաբերում է կյանքին ու մահվան: Թե անհատապես, թե հավաքականորեն Հայաստան պետության (ներառում եմ Արցախը իմ բարձրացրած հարցի լուծման իմաստով):
Եւ ես հենց այդ որոշման պահից եմ դադարելու լինել ոչմիթիզական կամ փոխզիջող: Որովհետեւ սա է նշանակում պետություն: Եւ ժողովրդին՝ համապատասխան քարոզարշավի ժամանակ իմ կարծիքը բացատրող, հակադիր ճամբարի ներկայացուցչի հետ բանավիճող կամ ինչու չէ նաեւ՝ իրար նկատմամբ թշնամացողների ազգային հաշտության միակ ճանապարհը լինելու է ազատ եւ արդար ընտրության միջոցով կայացված որոշումը: Երբ հաղթող կամ պարտվող չի լինելու, որովհետեւ հաղթելու է այլեւս կամքն ազատորեն արտահայտելու հնարավորություն ձեռք բերած ժողովուրդը՝ իրական սուվերենը:
Ի վերջո Հայաստանն իր սուվերեն կամքը պետք է այս հարցում ազատորեն արտահայտի: Իսկ Հայաստանում այդ կամքի բարձրագույն կրողը ժողովուրդն է: Եւ ինչպիսին էլ լինի որոշումը, դա պետք է լինի վճռական եւ հաստատ որոշում: Եթե դա փոխզիջումն է, ապա հպարտ եւ հաղթողի նման եւ դիրքից, այլ ոչ՝ երբ կպարտադրեն: Եթե դա առաջարկված տարբերակի մերժումը, ապա աշխարհը գործ ունի "քաղաքակիրթ ազգերի" գովերգած ուղիղ ժողովրդավարության մի դրսեւորման հետ, որին չի բավարարել 20 տարվա միջազգային գլուխհարդուկոցին. թող նոր տարբերակ ներկայացնեն կողմերին: Ուրեմն առաջարկված տարբերակն այնքան անարդար է համարել այս փոքր ժողովուրդը, որ այն չընդունելու նույնիսկ պատերազմի սպառնալիքը նրա որոշման վրա չի ազդել:
Եթե, այնուամենայնիվ իմ որեւէ վերը բերած հակիրճ փաստարկները համոզիչ չթվան, ապա մեր այս հակամարտության ուժերի հարաբերակցության ֆոնի վրա այս լուծումը մի գերհզոր զինատեսակ է լինելու լինելու նաեւ այսօրվա մեր հակառակորդի դեմ, որը, ի տարբերություն մեզ, այն իրեն չի կարող թույլ տալ նման միջոցից օգտվել (չբացատրե էլ ինչու), իսկ նման փորձի դեպքում էլ հայտնի չէ, թե ինչ կլինի դրա հետ: Սա էլ ձեզ ուժերի հավասարակշռության շեշտակի խախտումը հօգուտ մեզ այս հակամարտության որոշիչ ջրբաժանում:
Սա մի լուծման գնալու ճանապարհ է, որ հենց ինքնին նաեւ լուծումը կարող է լինել:
"Պատերազմ, թե խաղաղություն" հարցի իմաստուն պատասխանը (դրանց այս կոնտեքստում տրվող նշանակություններով), ժողովրդավարությունը եւ յուրաքանչյուրիս անհատական ազատություններն ու իրավունքները միայն համաձայնության մեջ ապահովելու են այս տարրերից (մյուսները չեմ նշում, տեքստը չծանրաբեռնելու համար) յուրաքանչյուրի ամբողջականությունը:
Եւ բոլոր կողմերը, որոնք անկեղծորեն ներքաշվել են Նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից այս քննարկումներին տրված մեկնարկից, նախ եւ առաջ այս հարցերին պետք է անդրադառնան:
Ի վերջո, ոչմիթիզականս հավատում է, որ խաղաղությունը հնարավոր է զիջում չանելով, իսկ փոխզիջողս՝ փոխզիջմամբ: Բայց իմ հավանական երկու ինքս էլ իր տարբերակն ընտրում է անկեղծորեն հավատալով, որ դա է խաղաղության ճանապարհը: Մինչդեռ խաղաղության հասնելու այս ճանապարհն արդեն ավարտվելու է նպատակակետում՝ այնտեղ, որտեղ ես ներքին խաղաղություն կձեռքբերեմ, այսինքն ի վիճակի կլինեմ իմ ազատ կամքով ընտրել զիջեմ, թե ոչ: Ամեն դեպքում ես թե ավելի պատասխանատու կվերաբերվեմ այդ որոշմանը, թե էլ իմ ճակատագիրն ինքս ընտրած կլինեմ: Եւ ես վստահ եմ, որ տանք մեր ժողովրդին նման հնարավորություն, նա ընտրելու է իմաստուն տարբերակը: Փորձը մեզ բազում նման հրաշքների ա ականատես դարձրել:
Կարճ ձեւակերպեցի, ավելի կմանրամասնեմ նաեւ տեխնիկական դետալներով: Մի քիչ այլաբանորեն էր ասված, բայց հիմնական միտքը սա է. մեզ խաղաղությունը պետք է ոչ միայն սահմանների վրա, այլ նաեւ սահմաններից ներս: Ազատ եւ արդար ընտրություն ապահովող հանրաքվեն լինելու է այն ճանապարհը, որով մենք կարող ենք ունենալ խաղաղություն սահմաններից ներս՝ Ժողովրդավարության եւ հիմնարար իրավունքների պաշտպանության երկար ճանապարհի մեկնարկով, եւ սահմաններից դուրս՝ խաղաղության պայմանագրի առաջարկված տարբերակի կշռադատված ընդունում կամ դրա մերժում՝ այդ հարցի շուրջ համազգային համախմբում ունենալով:
Ես սրան եմ հավատում:
Դեռ այսքանը ...»