▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օդնոկլասնիկի»-ով ծանոթացել է հայ աղջկա հետ ու նրանից ստացած 500 դոլարի պատճառով դանակահարել է աղջկա փեսային

1in.am-ը գրում է. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Գևորգ Թումանյանի գործի դատական քննությունը:

26-ամյա Գևորգ Թումանյանին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նա կալանքի տակ էր 2015 թվականի դեկտեմբերի 3-ից:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի նոյեմբերի 29-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բակում Գևորգ Թումանյանը վիճել է Մարտին Մ.-ի հետ, ձեռքով հարվածել է նրա դեմքին, ապա դանակով հարվածել է որովայնին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ որովայնի առաջնային պատի ձախ կեսի ծակած-կտրած վնասվածք՝ բարակ աղու և ճարպոնի վնասումով:

Գևորգ Թումանյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ վիճարկելով միայն նախաքննական մարմնի կողմից մեղադրանքում ամրագրված շարժառիթը՝ գումարային խնդիրների հետ կապված: Ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նա հրաժարվել է նաև հոր կողմից պայմանագրային կարգով ներգրաված պաշտպանի, ինչպես նաև հանրային պաշտպանի ծառայություններից:

Դատարանում հրապարակվել են Գևորգի նախաքննական ցուցմունքները:

Նա հայտնել է, որ ֆիզիկապես ու հոգեպես առողջ է, 2009-2011 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Գևորգ Թումանյանը նշել է, որ Մարտին Մ.-ի հետ ինքը գնացել էր հանդիպման՝ հանգիստ զրուցելու նպատակով, սակայն զրույցի ընթացքում իրար չեն հասկացել, ինքը զայրացել ու դանակահարել է նրան: Այլ մանրամասների չի ցանկացել անդրադառնալ:

Նշել է, որ արծաթափայլ շեղբով, սև բռնակով դանակը միշտ իր մոտ է եղել սնունդ կտրելու համար, այլ նպատակներով այն չի օգտագործել:

Իր ճակատի, աչքի, քթի շրջանում եղած վնասվածքները, ըստ Գևորգի, ստացել է աստիճաններից վայր ընկնելու հետևանքով, իրեն ոչ ոք չի հարվածել…

Դատարանում հրապարակվել է տուժող Մարտին Մ.-ի ցուցմունքը: Տուժողը հայտնել է, որ բնակվել է Մինսկում կնոջ, երկու անչափահաս դուստրերի ու կնոջ քրոջ՝ Սառայի (անունը փոխված է) հետ:

Իր անչափահաս դստեր մոտ ուռուցք է հայտնաբերվել, իրենք 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Բելառուսից եկել են Հայաստան, որպեսզի դուստրը բուժում ստանա ուռուցքաբանության կենտրոնում: Բելառուսից իրենց հետ Երևան է եկել նաև քենին՝ Սառան: Վերջինս 25 տարեկան է, ամուսնացած չէ:

Սառան սոցիալական կայքի միջոցով ծանոթացել էր Սյունիքի մարզի բնակիչ Գևորգ Թումանյանի հետ: Ինքն ու կինն արգելել էին Սառային՝ շփվել Գևորգի հետ, քանի որ տեղյակ էին, որ Սառան 500 դոլար է փոխանցել Գևորգին:

Մի քանի անգամ Գևորգը գիշերային ժամերին «Սկայպի» միջոցով զանգել է իրենց, իր ու կնոջ հասցեին հայհոյանքներ է տվել ու պահանջել է, որ Սառային չարգելեն իր հետ շփվել: Գևորգն ասել է՝ որ գաք Հայաստան, պատասխան եք տալու: Ինքը Գևորգի ասածները լուրջ չի ընդունել:

Սառան իր հերթին իրենց ասել է, թե Գևորգին փոխանցած գումարի հետ իրենք գործ չունեն: Սառան ասել է, թե Գևորգի եղբայրը առողջական խնդիրներ ունի, Գևորգը 500 դոլարը չի կարողանա շուտ վերադարձնել:

Ինքը Գևորգին չի ճանաչել, միայն նրա լուսանկարն է տեսել կայքում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more