▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք երկուսն էլ առաջնորդվում են բացահայտելու ցանկությամբ.Մեկնարկել է«Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» թեմայով գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի ունեցավ «Մշակութային աստղագիտությունը Հայկական լեռնաշխարհում» թեմայով գիտաժողովի բացման արարողությունը, որը նվիրված է Հայաստանի հնագույն աստղագիտությանը և մշակութային աստղագիտությանը:

Մշակութային աստղագիտությունը ներկայիս և հնագույն մշակույթների աստղագիտական ըմբռնումների միջառարկայական ուսումնասիրությունն է: 

Մշակութային աստղագիտության ենթաճյուղերն են.

Կրոն և աստղագիտություն, աստղագիտությունը հնագույն մշակույթներում, էթնոաստղագիտություն, աստղաբանություն և աստղագուշակություն, աստղագիտությունը, երաժշտության, ճարտարապետության, նորաձևության մեջ, գեղարվեստում, բանահյուսությունում և պոեզիայում և այլն:

Երիտասարդ բանաստեղծ Դավիթ Սամվելյանի զեկույցը վերաբերում էր պոեզիայում աստղագիտական դրսևորումներին.

«Չնայած այն հանգամանքին, որ առաջին հայացքից աստղագիտությունն ու պոեզիան պրակտիկորեն երկու տարբեր ոլորտներ են, բանաստեղծների ու աստղագետների միջև, այնուամենայնիվ, գոյություն ունի կապ, յուրօրինակ նմանություն։ Նրանք երկուսն էլ առաջնորդվում են բացահայտելու ցանկությամբ ու միավորված են հանուն բացահայտման հիացմունքի։ 16-րդ դարի վերջի գերմանացի աստղագետ Յոհաննես Կեպլերը, ով հանդիսանում էր աստղադիտակի ստեղծողը, գրել է. «Ճանապարհները, որոնցով մարդիկ հասնում են տիեզերական գիտելիքին, հազվադեպ կարող են ավելի քիչ հրաշալի լինել, քան հենց այդ իրերի բնույթը»։ Իսկ կա՞ արդյոք հիացմունքի մեջ սավառնելու ավելի լավ տարբերակ, քան պոեզիան։ Ինչպես անթիվ ֆիլմերում, գրքերում, հեռուստահաղորդումներում, խաղերում, նկարներում, քանդակներում, այնպես էլ պոեզիայում առկա են հղումներ Տիեզերքին: Բանաստեղծները ոգեշնչվում են աստղագիտությամբ այնպես, ինչպես բնության մնացյալ երևույթներով ու մասերով։ Պատմության ողջ ընթացքում պոեզիան ներառել է անթիվ հղումներ Տիեզերքի գեղեցկությանը, ռիթմին, 2 ներդաշնակությանը և քաոսին»,-նշեց Դավիթ Սամվելյանը:

Նրա փոխանցմամբ՝ հայկական միջավայրում, ինչպես մեզ հայտնի է, տիեզերագիտության, աստղագիտության հարցերին անդրադարձը նախնական պատկերացումներից մինչև գիտական մակարդակ դեռևս վաղնջական ժամանակներից է զարգացած եղել.

«Եթե առասպելներն ու ժողովրդական էպոսը դիտարկում ենք որպես պոեզիայի նախնական դրսևորման դաշտ, ապա այնտեղ բազում օրինակներ ենք գտնում թե՛ աստվածների ծնունդի ու գործունեության առումով, թե՛ աշխարհաստեղծման մասին պատկերացումներում: Գեղեցիկ կերպով է սկսվում Վահագնի ծնունդը ներկայացնող առասպելը, որտեղ նրա ծնունդը զուգորդվում է տիեզերական պրոցեսների հետ.

Երկնեց երկինք և երկիր,

Երկնեց և ծով ծիրանի,

Եվ եղեգնիկը կարմիր

Երկնեց ծովում ծիրանի...

Հայկական պոեզիայում, առավելապես միջնադարյան, որոնց կարկառուն ներկայացուցիներն են Նարեկացին և Շնորհալին, և որը ներծծված էր քրիստոնեությամբ, երկնային մարմինները, լուսատուները և ընդհանուր առմամբ երկինքն ու տիեզերքը, յուրատեսակ հոմանիշներ են դարձել 8 կրոնական պատկերացումներին և ձևակերպումներին և ոչ թե օգտագործվել են որպես գիտական, աստղագիտական տերմինալոգիա ու բացատրություն:

Օրինակ, արևը հաճախ նույնականացվում է Քրիստոսի հետ, երկինքը՝ Աստծո բնակության վայր է դիտվում, Տիեզերքը՝ Աստծո արարչություն և կատարյալ համաչափություն, լույսը նույնացվում է ճշմարտության, արևելքը՝ սկզբի, արևմուտքը՝ վերջի հետ, իսկ մութը, խավարը, չարի բնորոշիչ է:

Հետագա պոետները նույնպես իրենց ստեղծագործություններում արծարծել են երկնքի, արևի, լուսնի թեման, սակայն կրկին ոչ գիտական կերպով, այլ որպես գեղարվեստական նկարագրեր կամ էլ վերնագրեր: Հատկանշական է արևմտահայ բանաստեղծ Մ.Մեծարենցի «Արևին» բանաստեղծությունը, որտեղ նա արևը դիտարկում է որպես կենսատու»:

Նշենք, որ գիտաժողովը տևելու է մինչև հունիսի 23-ը և մենք առավել հետաքրքիր թեմաները կփորձենք ներկայացնել ձեր ուշադրությանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more