▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ներքին անձնագրով ռուսներին Հայաստան գալու թույլտվությունը կթեթևացնի մարդկանց կյանքը. Գագիկ Եգանյան

Ռուսաստանի քաղաքացիներին ներքին անձնագրով Հայաստան մուտքի թույլտվություն տալու վերաբերյալ հնարավոր որոշումը քաղաքացիների մի հատվածի մոտ մտահոգություններ է առաջացրել: Սոցիալական ցանցերում այս թեմայով քննարկումների մասնակիցները մտավախություն ունեն, թե «ով ասես կլցվի մեր երկիր, ու բեսպրեդել»:

Մասնավորապես քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նկատել էր. «Այսպես միայն այլահպատակները կարող են ձեռ առնել մեր երկրին: Ուրեմն՝ ՌԴ քաղաքացիները, հասկանանք՝ նրանց թվում և ադրբեջանցի, կարող են առանց լուրջ անձնագրի, մի թղթի կտորով գալ Հայաստան, վարչապետի ասած՝ տուրիզմի, ու սա՝ միայն միակողմանի»:

Հիշեցնենք՝  այդ որոշման մասին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպման ժամանակ: Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, վարչապետ Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ օրերս կընդունվի որոշում, որով ՌԴ քաղաքացիներին կթույլատրվի Հայաստան այցելել ներքին անձնագրերով, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության խթանմանը:

Ռուսական տարբեր աղբյուրների համաձայն, երկրի բնակչության շատ քիչ մասը ունի արտասահմանյան անձնագիր:

Մասնավորապես, 2014-ին «Российская Газета»-ն հրապարակել է սոցիոլագիական հարցման տվյալներ, որոնց համաձայն, հարցվածների 28 տոկոսն է, որ ունեցել են արտասահմանյան անձնագրեր: Արտասահման մեկնելու համար անհրաժեշտ փաստաթուղթը, ըստ նույն տվյալների, չունեներկրի 45 շրջաններից հարցված 1603 քաղաքացիներից 72 տոկոսը:

Ըստ նույն աղբյուրի, արտասահմանյան անձնագիր ունեն հիմնականում ձեռնարկատերերը՝ 66 տոկոս, ղեկավարներն ու կառավարիչները՝ 49 տոկոս, մասնագետները՝ 48 տոկոս:

Ավելի թարմ տվյալ հաջողվեց գտնել «the-village.ru»-ում, որտեղ նշվում է, որ այս առումով 2014-ին հրապարակված տվյալները գրեթե չեն փոխվել. ճանապարհորդությունների համար արտասահմանյան անձնագիր ունեն հարցված ռուսների 28 տոկոսը:

Ըստ նույն աղբյուրի, հարցվածների 59 տոկոսը խոստովանել է, որ երբեք չի հանգստացել ԽՍՀՄ անդամ նախկին պետություններում: Նույն աղբյուրը նշում է, որ առավել հաճախ այդ փաստը դժգոհություններ է առաջացնում միջին խավի մոտ: Հարցվածների 9 տոկոսն է ասել, որ հանգստանում է տարվա մեջ մեկ-երկու անգամ:

Այդուհանդերձ, Ռուսաստանի ներքին անձնագիր ունեցող քաղաքացիներին Հայաստան մուտք գործելու հնարավորություն տալու մասին որոշումը երկար ժամանակ է (դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման ժամանակ-հեղ.)՝ քննարկվում է կառավարության «կուլիսներում»: Որոշման նախագծի վրա վերջին շտրիխներն են արվում, և այն շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը:

ՀՀ կառավարությանն առնթեր միգրացիայի պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նույնպես աշխատել է այդ որոշման վրա և Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այն «զգալիորեն կթեթևացնի մարդկանց կյանքը»:

Նրա խոսքով, Ռուսաստանում քչերն ունեն արտասահմանյան անձնագիր և հիմնականում այդ պատճառով էլ չեն կարողանում ճանապարհորդել:

«Հավանաբար այդ փաստաթուղթը ստանալու ընթացակարգը դժվար է: Եվ Հայաստանի կառավարության կողմից ընդունվելիք այդ մասին որոշումը զգալիորեն կթեթևացնի մարդկանց կյանքը, քանի որ կլինեն շատերը, ովքեր կցանկանան գալ Հայաստան: Նույնիսկ կարող են լինել հայեր, ովքեր կդժվարանան գալ Հայաստան և դա բավական կհեշտացնի», - մեզ հետ զրույցում ասաց Եգանյանը:

Համապատասխան որոշման ընդունմանը զուգահեռ, ըստ Եգանյանի, նախատեսվում է, որ սահմանային անցակետերում ծրագրային թարմացումներ կատարվեն, որպեսզի արդեն գոյություն ունեցող սարքավորումները ճանաչեն նաև ՌԴ ներքին անձնագիրը:

Եգանյանը հասարակության մի մասի մոտ եղած մտավախություններն անտեղի է համարում և դրանց անդրադառնալ անհրաժեշտ չի համարում: «Մարդիկ են, ցանկություն ունեն գալ մեր երկիր, պետք է արգելե՞լ», -նկատեց Եգանյանը:

Նա տեղեկացրեց, որ այդպիսի որոշման ընդունման համար անհրաժեշտ է երկկողմանի համաձայնություն, այսինքն՝ նաև ՌԴ ԱԳՆ-ի համաձայնությունը, և ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է այդ ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more