Այսօր կներկայացնենք այն հազարավոր տաղանդաշատ հայորդիներից մեկին, ով կարողացավ իր ոլորտում լինել առաջինը և իր ավանդը ծառայեցնել ամբողջ աշխարհին:
Խոսքը Արամայիս Սարգսի Հարությունովի մասին է, ում ստեղծած նորարարությունները, իրավամբ, հեղափոխական նշանակություն ունեցան ամողջ նավթաարդյունաբերության մեջ:
1893 թվականին Թիֆլիսում, հայտնի գործարար Սարգիս Հարությունովի ընտանիքում ծնվեց ապագա գյուտարար Արամայիսը: Թիֆլիսի ռուսական գիմնազիայում հիմնավոր կրթության ստանալուց հետո, տաղանդաշատ պատանին ընդունվում և Սանկտ-Պետերբուրգի պետական անտառ-տեխնիկական համալսարան, որն ավարտում է ժամկետից շուտ` երեք տարում:
Պատանի Արամայիսը իր առջև խնդիր էր դրել կատարելագործել 1900-ական թվականների սկզբում Ռուսաստանում տարածված նավթահանման արդեն հնացած մեթոդները: Եւ նա արդեն 16 տարեկանում հասակում սկսում է հավաքել նավթահանման պոմպի (насос) էլեկտրաշարժիչի իր սեփական օրինակը, որը նոր պայմաններից ելնելով, Հարությունովը ցանկանում էր պատրաստել փոքր տրամագծով, սակայն մեծ հզորությամբ: Իսկ այդ ժամանակ նավթարդյունաբերության մեջ կարծրատիպ էր դարձել այն կարծիքը, որ փոքր տրամագծով շարժիչները մեծ հզորություն չեն կարող մղել: Սակայն, շուտով, Հարությունովի գյուտերը կգան կոտրելու այդ բոլոր կարծրատիպերը:
1911 թվականին 17 ամյա Արամայիս Հարությունովը կազմակերպում է իր սեփական ընկերությունը, որն անվանում է «Российское Электрическое Динамо Компании Арутюнова» (REDA, լավ հիշենք այս ընկերության անվանումը, որովհետև այն հետագայում դարձավ աշխարհահռչակ և իր ոլորտում լավագույնը): 1916 թվականին Հարությունովի էլեկտրաշարժիչը արդեն պատրաստ էր:
Սակայն, շուտով, Ցարական Ռուսաաստանում բռնկված Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծված խառնափնթոր իրավիճակը Հարությունովի նման գիտնականների համար գործելու անհնարինություն է ստեղծում և հարկադրում բախտ որոնել Արևմուտքում: Հարությունովը նախ մեկնում է Գերմանիա, ապա 1923-ին ԱՄՆ: Սկզբնական շրջանում, երբ Հարությունովը իր գյուտը ցույց է տալիս աշխարհահռչակ նավթային ընկերություններին, նա մերժում է ստանում, այն պատճառաբանությամբ, որ նրա գյուտը հակասում է էլեկտրականության բոլոր օրենքներին: Սակայն, շատ չանցած, «Phillips Petroleum Company»-ի ղեկավարությունը արժանվույն կերպով է գնահատում հայ գյուտարարի աշխատանքը և 1928 թվականին նա Օքլահոմա նահանգի Բրատլսվիլ քաղաքում հիմնադրում է «Bart Manufacturing Company» ընկերությունը, որը 1930-ից անվանափոխվում է «REDA Pump» (Հարությունովը կրկին օգտագործում է Ռուսաստանում հիմնած իր ընկերության անվանումը` Russian Electrical Dynamo of Arutunoff):
Շուտով Կանզաս նահանգի Բեռնս քաղաքում տեղադրվում է Հարությունովի տեխնոլոգիայով պատրաստված նավթահանման առաջին պոմպը, որի արդյունքը շլացնող էր: Հարությունովի գյուտի մասին լուրերը սկսեցին համակել ամբողջ ԱՄՆ-ն: Տաղանդաշատ հայի մասին սկսեցին հոդվածներ տպագրել «The New York Times»-ը և այլ հայտնի ամերիկյան պարբերականներ:
1938 թվականին «REDA» ընկերության պոմպերով, արդեն արդյունահանում էին ԱՄՆ-ի նավթի 2 %-ը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին «Լենդ-լիզի»-ով տրամադրվող օգնության շրջանակներում ԽՍՀՄ-ին տրվեց նաև Հարությունովի ստեղծած տեխնոլոգիայով գործող հարյուրավոր պոմպեր: Իսկ երբ ավարտվեց պատերազմը, ԽՍՀՄ-ից ԱՄՆ ուղևորվեց խորհրդային ինժիներների պատվիրակությունը, որպեսզի տեղում ծանոթանա Հարությունովի ընկերության փորձին: Հարությունովը, իմանալով, որ իր մոտ հյուր են եկել ԽՍՀՄ-ից, նա դրան մեծ ուրախությամբ է արձագանքում: Նա նրանց ոչ միայն իր սարքավորումներն է ցուցադրում, այլ նաև պատրաստի գծագրեր է տալիս (առատաձեռն հային հատուկ վարքագիծ):
Այժմ նավթի արդյունահանման ոլորտում աշխարհի լավագույն պոմպերը դա Հարությունովի հիմնած «REDA Pump»-ի պոմպերն են: Այդ պոմպերը այսօր անփոխարինելի են ամբողջ աշխարհում, դրանցից արդեն արտադրվել է մի քանի հարյուր միլիոն օրինակ, որոնք օգտագործվում են աշխարհի բոլոր ծայրերում: Արդեն 100 տարի է անցել, բայց այդ պոմպերին համարժեք այլընտրանք դեռևս չի ստեղծվել: Նավթաարդյունահանման ոլորտի առաջատար երկրներից մեկի` Ռուսաստանի օրինակն էլ, միայն բավական է, ցույց տալու համար, թե ինչպիսի հեղափոխական դեր ունեցավ Հարությունովի տեխնոլոգիայով պատրտաստած նավթապոմպերը: Ռուսաստանի նավթի 75%-ը, այսօր արդյունահանվում է Հարությունովի տեխնոլոգիայով պատրաստած պոմպերով:
Տաղանդավոր հայ գյուտարարը իր երկրային երկար ճանապարհը ավարտեց 1978 թվականին ԱՄՆ-ում: Նրա նկարը մինչ օրս փակցված է Օքլահոմայի փառքի սրահում:
Հայոց Տուն