Հաջորդ օրվա առավոտը մեզ դիմավորեց երկնքի կուրացուցիչ կապույտով: Օրը հիանալի էր, լեռներից փչող զով զեփյուռը բարձր տրամադրություն էր պարգևում և մենք մարգագետնի փարթամ ու անուշահոտ կանաչին նստած նայում էինք Աժդահակին ու որոշում, որ այսօր անպայման նվաճելու ենք այն: Առավոտյան ժամը 9-ին մենք սկսեցինք վերելք դեպի Աժդահակ: Քանի վեր էինք բարձանում, այնքան քայլերը դժվարանում էին ու միաժամանակ թվում էր, թե մեր բարձրանալուն զուգընթաց գագաթը հեռանում է: Լեռը խաղում էր մեզ հետ` փորձելով մեր համառության աստիճանը: