«1992 թվականի հունվարն էր և դեռ բանակը չստեղծած՝ մեր առջև խնդիր էր դրվել առաջին հերթին ազատել բնակչությանը ծանր իրադրությունից, քանի որ օրը 200-300 արկ Ստեփանակերտի վրա էր ընկնում, նույնքան էլ սահմանամերձ շրջաններում՝ Գորիս, Շահումյան, Գետաշեն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով մայիսյան հաղթանակների մասին՝ ասաց «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ Աստվածատուր Պետրոսյանը:
Հարցին, թե կան տեղեկություններ, որ ազատագրման մասին Իրանում գտնվող ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը տեղյակ չի եղել, Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց.
«Ուզում եմ իմանալ, թե այդ տեղեկությունն ով է տվել.Իրանի շա՞հը: Նման բան չկա: Մայիսի 7-ի գիշերը՝ ժամը երկուսին, քարտեզը ձեռքներս սպասել ենք նրա հրամանին, առանց որի ոչ մի զորք չի շարժել: Անգամ նա է ուղղություն ցույց տվել, թե ինչպես շարժվենք: Ի դեպ, իր տան տակից ենք մեր առաջին ավտոմատները հանել: Դրանք իր տան, իր ոտքերի տակ էին տեղակայված: Ո՞նց չգիտեր»:
Նշենք, որ Շուշին ազատագրվել է 1992թ.-ի մայիսի 8-9-ի ռազմական գործողությունների արդյունքում: Շուշիի ազատագրումը իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 23:00-ին, Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց և Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո՝ ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ռազմական գործողությունը ղեկավարել է ԻՊՈՒ հրամանատար Արկադի Տեր-Թադեոսյանը (Կոմանդոս):
Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ. թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարևորությունից ու Ղարաբաղյան պատերազմում ունեցած շրջադարձային նշանակությունից ելնելով՝ ԼՂՀ Աժ-ն 1994-ին սահմանել է «Շուշիի ազատագրման համար» մեդալ: ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված էՇուշիի ազատագրման և հաղթանակի օր:
Անի Կարապետյան