▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լևոն Ալթունյանն ընդունել է մահացած ծննդկանների իրավահաջորդներին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է վերջին շրջանում արձանագրված մայրական մահվան առավել հասարակական հնչեղություն ստացած դեպքերի` երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Նաիրա Աբգարյանի հարազատներին։  Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատները հանդիպմանը չեն մասնակցել։

Նախարարը տեղեկացրել է, որ մանրամասն ծանոթ է բոլոր դեպքերին, դրանց կապակցությամբ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովների ուսումնասիրությունների արդյունքներին։

Տուժածների իրավահաջորդները իրենց գոհունակությունը հայտնեցին նախարարության կողմից կազմված մասնագիտական հանձնաժողովների անաչառ վերլուծությունների կապակցությամբ։

«Մենք ձեր կողքին ենք և պատրաստակամ`  մեր լիազորությունների շրջանակներում աջակցելու ձեզ։ Ինչ վերաբերում է դատաիրավական գործընթացներին, ապա նախարարությունը լիազորություններ չունի որևէ կերպ միջամտելու, ներազդելու գործի քննությանը»,-ասել է Լևոն Ալթունյանը` հավաստիացնելով, որ օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում հետևողականորեն համապատասխան լուծումներ կտրվեն  առողջապահության ոլորտին  վերաբերող բարձրացված հարցերին։

Նախարարը նաև տուժողների իրավահաջորդներին առաջարկել է մասնակից դառնալ ոլորտում իրականացվող վերափոխումներին, մասնավորապես` ընդգրկվել շահառուների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրական փոփոխությունների մշակման աշխատանքներում։

Տուժողների իրավահաջորդների կողմից առողջապահության համակարգի գործունեությանը վերաբերող խնդրահարույց հարցերի պարզաբանման նպատակով նախարարության համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ։

Ամփոփելով հանդիպումը` նախարար Ալթունյանը շեշտել է, որ այս մոտեցումները վերաբերում են ոչ միայն տվյալ երեք դեպքին, այլև նախարարության որդեգրած դիրքորոշումն է։ Նա ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` ուղեցույցների և գործելակարգերի ներդրումը,  միտված են ինչպես բժշկական օգնության որակի բարձրացմանը, այնպես էլ`  նման դեպքերի առավելագույն նվազեցմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more