Բառերը առաջանում են արդեն իսկ գործածվող բառերից։ Իսկ թե արդեն իսկ գործածվող բառերը ինչպես են առաջացել․ դա այլ խոսակցության նյութ է և, բնականաբար, դրան չենք անդրադառնա։
Յուրաքանչյուր նոր առաջացող բառ անմիջական տրամաբանական կապ ունի այն հանգամանքների, գործոնների, միջավայրի հետ, որոնք այս կամ այն չափով առնչվում են նրա էությանը։
Մասնավորապես խոսենք մի քանի բառերի մասին, որոնք տարածված են շատ ժողովուրդների մոտ, բայց միայն հայերենում ունեն տրամաբանական բացատրություն։
Շատերն են աղաղակում «լավաշ»-ը իրենց խոհանոցին վերագրելու մասին, սակայն չեն կարող իրենց իսկ լեզվով տալ դրա բացատրությունը։ Կենցաղ կամ մշակութային կյանք մտնող ցանկացած նորույթ անվանում է պահանջում և այն կառուցվում է նրա առաջացման գործընթացը կամ բովանդակությունը նկարագրող արդեն գործող բառերի հիման վրա։ Պետք է հիշատակել նաև, որ նման նորույթները մեծ մասամբ ստեղծվում են մեկ մարդու կողմից և արագորեն տարածում գտնում, դուրս գալով անգամ ազգային շրջանակներից։
«Լավաշ» բառի մեջ ակնհայտ երևում է «լավ» բառը։ Մյուս մասը կազմում է «աշ»-ը։ Լավի հարցում պարզաբանումների կարիք չկա, այն պարզապես լավ է։ Իսկ ինչ կապ ունի «աշ»-ը։ Այն տվյալ դեպքում կապ ունի կամ աշխատանք կամ աճ բառերի հետ։ Հիշենք շավաշի պատրաստման ընթացքը։ Այն թխում են մեկ կամ երկու օրում, աշխատում են լավ, տալիս են լավ աճ, թխում են հաց մի քանի ամսվա համար։ Տվյալ դեպքում բառի իմաստը լիովին համընկնում է նրա առաջացման եղանակի հետ։
Խոսենք «մածուն» բառի մասին։ Այստեղ բառի իմաստը կառուցված է բովանդակության վրա։ Այն ստացվում է կաթից և ի տարբերություն հեղուկ կաթի մածուցիկ է։ Կարծում եմ ավելորդ է այստեղ ավելի պարզաբանումների գնալ։ Պարզ է և ակնհայտ։
«Խաշ» բառի ստուգաբանությունը անգամ ոչ մասնագետները կարող են մեկնաբանել։
Այսպես կարելի է խորանալ այլ բառերի իմաստի մեջ։ Ցավալին այն է, որ այլոց կողմից օգտագործվելու դեպքում, այն համարում են իրենցը, երբ բառը իրենց լեզվով ոչ մի կերպ բացատրություն չունի։