«Եթե այսօր գրանցվի մինչև 19 աստիճան տաքություն, դա օդերևութաբանության պատմության մեջ կլինի ամենատաք փետրվարը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա փոխանցմամբ՝ մինչև փետրվարի 14-ը օդի ջերմաստիճանը նորմայից բարձր էր 2-3 աստիճանով.
«Փետրվարի 15-ից սկսած Աֆրիկայից դեպի Մերձավոր Արևելք ներթափանցեցին շատ տաք արևադարձային հոսանքներ: Առավելագույն ջերմաստիճանները գրանցվեցին Սյունիքի և Տավուշի հովիտներում՝ 20-22 աստիճան, Իջևանում, Դիլիջանում: Իսկ երեկ Արարատյան դաշտում ունեցել ենք մինչև 18 աստճան տաքություն: Այս ջերմային ֆոնը կլիմայական նորմայից բարձր է 8-12 աստիճանով»:
Ինչ վերաբերում է առաջիկա եղանակային կանախտեսումներին՝ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ վաղը հյուսիս-արևելքից Հանրապետության տարածք կներթափանցեն արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, որոնք հատկապես մեծ ազդեցություն կունենան Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի ջերմային ֆոնի վրա.
«Այս հատվածներում ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Իսկ մյուս շրջաններում և մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Նվազած ջերմային ֆոնը կմնա մինչև փետրվարի 21-ը, իսկ 22-ից կրկին ցուրտ օդային հոսանքները կնահանջեն և այս անգամ արդեն Իրաքի տարածքից Հանրապետության տարածքին կմոտենա հաջորդ տաք օդի ալիքը և փետրվարի 22-23-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը որքան որ նվազել էր, այդքան էլ կբարձրանա»:
Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ՝ փետրվարի 23-24-ին կրկին Արարատյան դաշտում կլինի մոտավորապես 15-16 աստիճան տաքություն, իսկ Տավուշի և Սյունիքի հովտային հատվածներում՝ մինչև 17-20 աստիճան, որը կլիմայական նորմայից բարձր կլինի 7-11 աստիճանով:
Ըստ նախնական կանխատեսումների՝ բարձր ջերմային ֆոնը կպահպանվի ամբողջ փետրվարին: Լուրջ տեղումներ սպասվում են միայն փետրվարի 20-ին: Ինչ վերաբերում է մարտին՝ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը նշեց, որ ամսվա համար վերջնական կանխատեսումներ չկան, բայց որոշ եզրակացություններով մարտը նույնպես կլինի տաք:
Անի Կարապետյան