Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Դեկտեմբերի 18-ին գեներալիսիմուս Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի ծննդյան օրն էր: Ռուսաստանի Պենզա քաղաքի կոմունիստները որոշեցին այն նշել յուրօրինակ կերպ: Պենզայում բացվեց Ռուսաստանում իր տեսակի մեջ առաջին գիտապատմական և մշակութային «Ստալին կենտրոնը»: Տեղի ունեցավ լուսանկարների ցուցահանդես և այլ միջոցառումներ: Նշեմ, որ մինչ այդ նույն Պենզա քաղաքում սեպտեմբերին տեղադրվել էր Ստալինի կիսանդրին: Համաձայնեք այս դեպքերը, իրավամբ, շատ հետաքրքրական են, եթե հաշվի ենք առնում Ստալինի կերպարի ոչ միանշանակ և վիճելի լինելը (մի կողմից Ստալինը այն մարդն է, ում ղեկավարությամբ խորհրդային ժողովուրդը տապալեց ֆաշիզմը, մյուս կողմից նա 1937-1938 թվականների մեծ տեռորի կազմակերպիչն է):
Այն որ Ռուսաստանում այսօր տեղի է ունենում Ստալինի կերպարի վերաիմաստավորում և վերաարժևորում դա փաստ է: Նույնիսկ նախագահ Պուտինը Ստալինի մասին հարցին պատասխանելով, նշեց, որ և՛ լավը կա նրա գործունեության մեջ, և՛ վատը`մեծամասամբ դրական գնահատելով նրան: Այսինքն ցանկանում եմ ասել, որ իշխանությունների հավանությանն են արժանանանում Ստալինի հետ կապված (արձան, գիտամշակութային կենտրոն, կիսանդրի) նախաձեռնությունները: Դե իսկ որ վերջիններս բավականին շատացել են դա ևս արդեն պարզ է: Վերջին 5 տարվա ընթացքում միայն Ռուսաստանում (հատկապես Հյուսիսային Օսեթիայում) բացվեցին մի քանի տասնյակ հուշարձաններ և կիսանդրիներ` նվիրված Ստալինին:
Քանզի խոսեցինք այս թեմայից, եկեք անմասն չթողնենք նաև Հայաստանին: 1950 թվականին Երևանում բացվեց Ստալինի պնձաձույլ հսկա արձանը, որի պատվանդանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն էր, իսկ արձանի հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովը: Այդ տարիներին մի լեգենդ էր շրջում`իբր Իոսիֆ Ստալինը գիշերով գաղտնի ժամանել էր Երևան, ծանոթացել արձանի հետ, հավանել այն, ու անմիջապես վերադարձել Մոսկվա: Երևանում տեղադրված Ստալինի արձանը ամենամեծն էր ամբողջ ԽՍՀՄ-ում (աշխարհում ամենամեծը Պրահայում էր): Երբ Ստալինը 1953 թվականին մահացավ և ապա տեղի ունեցավ ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը, որը վերացրեց «անհատի պաշտամունք» և ամբողջ ԽՍՀՄ-ում սկսեցին ապամոնտաժել Ստալինի արձանները, շատ հետաքրքրական փաստ է, որ Երևանում գտնվող Ստալինի արձանը ապամոնտաժվեց շատ ուշ, ամենավերջիններից մեկը` 1962 թվականին: Այսինքն` առանց Ստալինի, Ստալինի արձանը Հայաստանում կանգուն մնաց գրեթե 2 տասնամյակ: