Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար մի շարք խնդիրների թվում նաև լեզվի հարցն է: Հալեպահայ գրող, հրապարակախոս Հակոբ Միքայելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր.
«Խոստումներն ու իրականությունը տարբեր են: Անցած տարի մի խումբ արևմտահայ ուսուցիչներ դիմեցին Սփյուռքի նախարարությանը, որպեսզի շաբաթ օրերին մեզ դպրոց տրամադրեն, երեխաները գան, արևմտահայերեն պարապեն՝ լեզուն կենսունակ պահելու համար: Խոստացան, բայց մեկ տարի է՝ այն չի կատարվել»:
Ինչո՞ւ Սփյուռքի նախարարությունը չի կատարել իր խոստումը մեր հարցին ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնյանը նշեց.
«Արդեն 4-րդ տարին է՝ Սփյուռքի նախարարությունը հնարավոր բոլոր միջոցներն անում է, որպեսզի կարողանանք համապատասխան դասագրքեր կազմել:
Այս առիթով համագործակցում ենք ԿԳՆ-ի հետ, որպեսզի արևմտահայերենը ոչ միայն սիրիահայերի համար լինի, այլև դառնա պարտադիր՝ հանրակրթական բոլոր դպրոցներում: Ինչ վերաբերում է շաբաթ օրը դպրոց տրամադրելուն, ասեմ, որ ծրագիրը ընթացքի մեջ է: Անպայման որևէ դպրոց կառանձնացվի»:
Իսկ ի՞նչ են մտածում ԿԳՆ-ում՝ արևմտահայերենը դպրոցական ծրագրում ընդգրկելու մասով մեր հարցմանը, պատասխանեցին.
«Ավագ դպրոցներում արևմտահայերենը որպես դասընթաց ուսումնական ծրագրում ներառելու վերաբերյալ ՀՀ Սփյուռքի նախարարության 2014 թականի փետրվարի 10-ի գրությանն ի պատասխան ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը 2014 թվականի մարտի 4-ին տեղեկացրել է, որ ՀՀ հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների «Հայ գրականություն» առարկայի չափորոշիչներում և ծրագրերում ներառված են արևմտահայ հեղինակների ստեղծագործություններ, որոնք սովորղները կարողանում են կարդալ և հաղորդակից լինել արևմտահայերենին:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մշակվել և հաստատվել է «Արևմտահայերեն» առարկայի չափորոշիչն ու ծրագիրը՝ 11-12-րդ դասարանների համար: Առարկան ընդգրկված է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի հունիսի 27-ի N 607-Ն հրամանով հաստատված հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017թթ. ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների երաշխավորված առարկայացանկում»:
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում այս որոշումը ճիշտ համարեց՝ նկատելով. «Մտահոգությունը վաղուց կար: Արևմտահայերենը պետք է նաև ԲՈւՀ-ում դասավանդվի»:
Անի Կարապետյան