▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջերմաստիճանի նվազում է սպասվում.ձյուն է գալու

Հայաստանում ջերմաստիճանի լուրջ նվազում է սպասվում: Ուրալի տարածքից դեպի Հայաստանի տարածք է շարժվում արկտիկական  ճակատ, որը մեր երկիր կհասնի հոկտեմբերի 17-ին: 

«Այսօր առատ տեղումներ կլինեն Սյունիքում, Վայոց Ձորում և Արցախում: Վաղը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ արդեն հոկտեմբերի 17-ին այդ արկտիկական ճակատը ներթափանցում է մեր երկիր և գործելու է մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: Բայց Հանրապետության տարբեր մարզերում նրա ազդեցությունը տարբեր կերպ է արտահայտվելու:

Հանրապետության բոլոր շրջաններում հոկտեմբերի 17-19-ը սպասվում են տեղումներ. որոշ շրջաններում դրանք կլինեն ձյան տեսքով: Ձյուն կտեղա Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտիներում, Սյունիքի նախալեռնային հատվածում և Արցախում: Օդի ջերմաստիճանը կնվազի հոկտեմբերի 17-19-ն ընկած ժամանակահատվածում. Հանրապետության մարզերում՝ 8-10 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում այսօրվա համեմատ կնվազի 15-17 աստիճանով: Օրինակ Գորիսում հոկտեմբերի 18-ին ցերեկային ժամերին ջերմաստիճանը 0-ից չի բարձրանա»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով.

«Տեղումների ինտենսիվությունը հատկապես մեծ է լինելու Տավուշի, Սյունիքի մարզերում և Արցախում: Սպասվում է առատ ձյուն, բուք, մառախուղ, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Իսկ Արարատյան դաշտում և մայրաքաղաք Երևանում կլինի ամպամած եղանակ, ցածր ջերմային ֆոն և ժամանակ առ ժամանակ կտեղա թույլ անձրև: Եթե այսօր Երևանում սպասվում է 20-22 աստիճան տաքություն, ապա հոկտեմբերի 18-ին ցերեկային առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցի +12+13 աստիճանը:

Հոկտեմբերի 20-ից հետո, ըստ Սուրենյանի՝ հարավ արևմուտքից նորից տաք օդային հոսանքներ են մոտենալու մեր երկրի տարածքին և հոկտեմբերի 20-ից հետո ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում՝ 4-6 աստիճանով»:

Ինչ վերաբերում է նոյեմբերին, ապա ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալի հաղորդմամբ՝ այն տեղումնառատ է լինելու:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more