Նորաձևությունը շատ քմահաճ ու փոփոխական է, և դա վերաբերում է ոչ միայն հագուստին, այլ նաև դիմահարդարմանը: 2017 թվականի դիմահարդարման թրենդների և ակտուալ գույների մասին Asekose.am-ը զրուցել է «Ագա» իմիջ ստուդիոյի դիմահարդար-ոճաբան Արփինե Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում պատմել է, թե ինչ դիմահարդարմամբ պետք է լինեն խնամված աղջիկները 2017թվականին և հատկապես Ամանորին:
«Ինչպես հագուստի, այնպես էլ դիմահարդարման թրենդները բավականին արագ են փոխվում և երբեմն նույնիսկ բավականին դժվար է դառնում նորաձևության հետ հավասար քայլելը: Այնուամենայնիվ, դիմահարդարումը կանանց ոճի մի մասն է կազմում և այն սխալ անելու դեպքում կարող է ամբողջովին փչանալ կնոջ տեսքը: Օրինակ՝ այս տարի բավականին նորաձև էր մատիտով ընդգծված հոնքերը, բայց 2017-ին կարող եք վայր դնել հոնքերի համար նախատեսված մատիտը և ի ցույց դնել ձեր բնական հոնքերը: Ի տարբերություն հոնքերի, նորաձև են արհեստական և երկար թարթիչները»:
Արփինեն նշեց, որ ի տարբերություն 2016 թվականի, եկող տարում դիմահարդարման ոլորտում նորաձև են լինելու փայլերը.
«Այս տարի առանց փայլ (matte) շրթներկը համարվում էր նորաձևության ամենակարևոր էլեմենտներից մեկը: Բոլոր կանայք և աղջիկները արդեն հասցրել են իրենց փորձարկումները կատարել այս շրթներկի հետ, սակայն մյուս տարի փայլով շրթներկը կրկին վերադառնում է նորաձևության աշխարհ: Հատկապես ակտուալ է կարմիրի տարբեր երանգները: Նույն փոփոխությունը տեղի է ունեցել նաև ստվերաներկերի հետ, եթե նախկինում «նուդ» ոճի մեջ արված աչքերի դիմահարդարումն էր թրենդային, ապա 2017-ին մենք տեսնելու ենք վառ երանգների ստվերաներկերով և փայլերով արված աչքերի դիմահարդարում»:
Այն հարցին, թե ինչպես պետք է դիմահարդարվել Ամանորին, դիմահարդար-ոճաբանը նշեց, որ Նոր տարվա գիշերը փայլերի չարաշահումը ներելի է:
«Այդ օրվա համար պետք է համարձակորեն ընտրել բաց տոնային կրեմով և ակտիվ ստվերաներկով դիմահարդարում: Եվ առհասարակ այն բոլոր կանայք, ովքեր ցանկանում են մի քայլ առաջ լինել իրենց շրջապատից, պետք է շարունակեն ընթերցել և իմանալ 2017-ի նորաձև դիմահարդարման կանոնները և գալիք տարում ուղղորդվել հենց այդ կանոններով»:
Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան