Լուրեր.com-ը գրում է. Newspress.am կայքի և «Անդրադարձ» մամուլի ակումբի ղեկավար Արմենուհի Հովսեփյանը՝ հանրությանն առավել հայտնի Արիանա անվամբ, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ դատապարտվել է ազատազրկման՝ մեկ տարի ժամկետով, սուտ մատնություն կատարելուն դրդելու մեղադրանքով:
Կայքի հետ զրույցում լրագրողի պաշտպան Մայիս Հովհաննիսյանը նշել է, որ Արմենուհի Հովսեփյանի համար դատարանը սահմանել է մեկ տարվա ազատազրկում՝ սուտ մատնություն կատարելու մեղադրանքով.
«Այս պահին ուսումնասիրում եմ մեկ այլ քրեական գործի նյութեր, որը նախորդել է այս քրեական գործին, և շատ կարևոր հանգամանքներ են ի հայտ գալիս, որոնք կարևոր նշանակություն կարող են ունենալ, թե որքանով է հիմնավորված եղել Արմենուհի Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը»:
Խոսելով այդ կարևոր հանգամանքների մասին՝ պաշտպանը գնահատական է տվել, որ բոլորովին անհիմն է այն եզրակացությունը, թե իբր, Արմենուհին կարողացել է ազդել գործով անցնող մյուս մեղադրյալ, ոսկու շուկայի աշխատակից Մ. Շուշանյանի վրա:
«Իմ համոզմամբ՝ իրականում հանցագործություն կատարվել է մինչև Արմենուհի Հովսեփյանի ի հայտ գալը: Դա վերաբերվում է Մարտուն Շուշանյանի և չպարզված կոնդեցի Արսենի կողմից՝ ոմն Կարենի համար Եվրոպա, մասնավորապես, Ֆրանսիա մեկնելու վիզա դասավորելու դիմաց: Վիզա դասավորելու գործընթացն իրականում գնահատվել է 10.000 եվրո, սակայն բացի այդ գումարից, Կարենից նշված անձինք ստացել են նաև լրացուցիչ 2650 եվրո վիճելի գումար: Այդ մասին իմանալով, Նարեկ Երիցյանը գործով չպարզված անձից՝ Մարտուն Շուշանյանից, փորձել է ստանալ այդ գումարը: Մի հետաքրքիր փաստ՝ Մարտուն Շուշանյանի հեռախոսահամարը Նարեկ Երիցյանն իբրև թե իմացել է Ֆրանսիայում, ոմն Աբրահամից, որից հետո Ֆրանսիայից վերադառնալով՝ Նարեկ Երիցյանը 2650 եվրո գումարի վերադարձման պահանջով դիմել է Մարտուն Շուշանյանին: Նշված անձինք հանդիպել են և համաձայնության չեն եկել: Վիճաբանությունները շարունակվել են, որոնք կրել են այնպիսի բնույթ, որ Մարտուն Շուշանյանը, այլ ելք չունենալով, դիմել է ոստիկանություն՝ իր նկատմամաբ Նարեկի գործողություններն ընկալելով որպես բռնություն գործադրելու սպառնալիք և մանրամասն նկարագրել է այդ գործողությունները: Ինձ համար անհայտ պատճառներով՝ Մարտուն Շուշանյանը գործի քննության ընթացքում հրաժարվել է իր տված ցուցմունքներից՝ պատճառաբանելով, թե իբրև իր տված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, այլ այդ քայլին գնալուն իրեն դրդել է Արմենուհի Հովսեփյանը»,- ասել է փաստաբանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում