Դիտեք նաև՝
Ազգագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆսոր Ռաֆայել Նահապետյանը ցավով է նշում.մենք հեռացել ենք ազգային արմատներից:
«Մինչև 20-րդ դարի սկիզբը ավանդական տոնի շատ տարրեր պահպանվում էին: Առաջինը սկսել են բնակարանի, մարմնի և հոգու մաքրումից: Հետո պատրաստել են ծիսական ուտեստներ, որոնցում գերակշռել է հատիկեղենը: Պահպանել են նաև 7-ի գաղափարը, այն է՝ 7 տեսակ հատիկեղեն, 7 տեսակ մրգեղեն, 7 տեսակ չրեղեն: Իմ կարծիքով՝ սա կապված է հեթանոսական շրջանի 7 աստվածությունների գաղափարի հետ: Հիմա շատ մեծ նշանակություն է տրվում մսամթերքին ու այնպիսի բաղադրատոմսեր են օգտագործում, որոնք բնորոշ չեն մեր ավանդական տոնական ուտեստներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետը:
Եվ, ահա, նրա խոսքով, եկել է ծիսական այցելությունների ու բախտագուշակության ժամանակը.
«Օրինակ՝ պատրաստում էին բլիթներ, դնում կտուրին ու ակնդետ հետևում ագռավներին՝ տեսնելու, թե կտցահարելուց հետո որ ուղղությամբ կթռչեին: Սա հիմնականում անում էին նրանք, ովքեր նշանելու աղջիկ կամ տղա ունեին: Ինչ վերաբերում է այցելություններին, ապա փաստ է, որ շատ հյուրեր ընդունելը մարդկանց հոգնեցնում է, ու մեծ մասը նախընտրում է Նոր տարին դիմավորել ռեստորանում, հանգստյան վայրերում»,-մանրամասնեց ազգագրագետը:
Ռաֆայել Նահապետյանը նկատում է.
«Ամանորը հնում երկու անգամ են նշել.Գարնան գիշերահավասարին՝ մարտի 20-21-ին, երբ սկսում էին երկաթգործական աշխատանքները, և օգոստոսի 11-ին, որը կապվել է առատության, այգեկութի հետ: Նշեմ, որ մինչև օգոստոսի 11-ը հարսանիք չեն արել»:
Անի Կարապետյան