...
Հարգելի խորհրդարան
Քաղաքական աշունը բուռն է իրադարձություններով: Արտահերթ կամ ավելի ճիշտ հրատապ ընտրությունների օրակարգը քուն ու դադար չի տալիս ներկայիս իշխանություններին: Այս առիթով բազմիցս նշել եմ իմ կարծիքը. Ազգային ժողովը ընտրվել է օրինական, արդյունքները ճանաչվել և լեգալացվել են առանց բացառության միջազգային բոլոր դիտորդական կազմակերպությունների կողմից, կրկնում եմ`առանց բացառության: Հետևաբար, իրավական առումով Հայաստանի օրենսդիր մարմինը ինքնալուծարելու որևէ հիմք առկա չէ:
Սահմանադրությամբ պաշտպանված է իշխանությունների հավասարակշռման և տարանջատման սկզբունքը: Սա դոգմա է և պետք է կիրառելի լինի բոլորիս համար, այդ թվում` նոր կառավարության:
Երեկ կառավարության ղեկավարն ինքն իրեն հակասելով հրապարակ նետեց երկուսից երեք ամսում հրատապ ընտրություններ անցկացնելու գաղափարը: Ընդամենը մեկ ամիս առաջ նա նշում էր, որ իր կարծիքով ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին: Իսկ իշխանափոխությունից անմիջապես հետո Փաշինյանը նշեց, որ մինչ արտահերթ ընտրությունները պետք է ընդունվի նոր ընտրական օրենսգիրք և փոփոխություններ կատարվեն կուսակցությունների մասին օրենքում և այդ ամենին պետք է հասնել քաղաքական ուժերի լիակատար կոնսենսուսի պարագայում: Ու՞ր է ընդունված ընտրական օրենսգիրքը, ու՞ր է կուսակցությունների մասին նոր օրենքը և ու՞ր է վերջապես քաղաքական կոնսենսուսը խորհրդարանական ուժերի միջև: Չկա որևէ բան:
ԱԺ հրատապ ընտրություններ անցկացնելը վտանգի տակ կդնի քաղաքական բազմակարծությունը, իշխանությունների լիակատար տարանջատումը և ճանապարհ կհարթի մեկ անձի քաղաքական լիակատար մենաշնորհի համար: Սա անթույլատրելի է:
Ավելին, նոր իշխանությունը ավելի հեռու գնաց և վարչապետի շուրթերով ՄԱԿ-ի ամոբիոնից Հայաստանում գործող նախկին համակարգը անվանեց ավտորիտար: Այդ առումով ունեմ մի քանի հարց. ո՞ր ավտորիտար երկրում է հնարավոր միջազգային դիտորդները ճանաչեն ընտրությունների լեգիտիմությունը, ո՞ր ավոտրիտար երկրի հետ է Եվրոպական միությունը կնքել խորը համագործակցության համաձայնագիր, այդ ի՞նչ ավտորիտար երկրիր է, որտեղ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին թույլ է տրվել խմբակցություն ունենալ խոհրրդարանում, ո՞ր ավտորիտար երկրում է ըստ Սահմանադրության ընդդիմությունը պառլամենտում ունենում առնվազն 30 տոկոս և ԱԺ փոխնախագահ: Եվ նշեք մեկ ավտորիտար երկրի,որտեղ կարելի է հասնել իշխանափոխության առանց ցնցումների և առճակատման: Հետևաբար հնչեցված մտքերը ոչ այլ ինչ էին, քան քաղաքական բլեֆի դրսևորում:
Հարգելի գործընկերներ, մեր երկրի թիվ մեկ օրակարգային հարցը ոչ թե խորհրդարանական արտահերթ զարգացումները պետք է լինեն, այլ անվտանգության ապահովումը մեր ժողովրդի սոցիալական և տնտեսական խնդիրների լուծումը, և ինչպես նոր իշխանության ղեկլավարն էր ասում՝ թռիչքային զարգացման ապահովումը:
Իշխանափոխությունից հինգ ամիս անց արձանագրենք.
- Չկա թռիչքային զարգացման որևէ նշույլ
2.Հայաստան չի բերվել որևէ լուրջ ներդրումային ծրագիր
- Ժողովրդի համար որևէ աշխատատեղ չի ստեղծվել
4.Շփման գծում, չնայած իշխանությունների պայմանավորվածություննեիրին, կրակոցները չեն դադարել:
Սա է փաստը սա է իրականությունը:
Եվ վերջում՝ ևս մեկ փաստ: Այս ամենի մեղավորը և պատասխանատուն հաստատ Ազգային ժողովը չէ: Շնորհակալ եմ ուշադրության համար: