Life.ru կայքը` հղում կատարելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին, գրում է, որ փորձագետները վերծանել են Սև ծովն ընկած Տու-154 ինքնաթիռի ինքնագրիչ սարքի ձայնագրությունը:
Ձայներիզը, որը ձայնագրում է անձնակազմի բանակցությունները ու նրանց խոսակցություները, վնասված չի եղել։
«Փականները, գրողը տանի: Հրամանատար ընկնում ենք»,-սրանք են օդաչուների վերջին խոսքերը, որից հետո ձայնագրությունն ընդհատվել է:
Այս վերծանումից պարզ է դառնում, որ ինքնաթիռն իսկապես տեխնիկական խնդիրներ է ունեցել: Ավելի վաղ մամուլում շրջանառվում էր նաև ահաբեկչության վարկածը:
Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում: Ինքնաթիռում գտնվել է 91 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու: