▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսահատության և անելանելիության զգացումն է, որ պարտադրել է ինձ դիմել Ձեզ

ՆՈՐԻՆ ՍՈՒՐԲ ՕԾՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ՏԵՐ ԱՐԱՄ Ա-ԻՆ
Ամենայն հայոց կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո
ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ,
Հուսահատության և անելանելիության զգացումն է, որ պարտադրել է ինձ դիմել Ձեզ՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու օրհնյալ ու մեծապատիվ Հայրապետներից մեկին, որի անճառ հայրենասիրությունն ու նվիրումը Հայկականությանն անսահման են: Գիտեմ ու գնահատում եմ Ձեր անհանգստություններն ու տագնապները առ Հայաստան և առ հայ ժողովուրդ, տեսնում եմ, որ Ձեր հոգին էլ է տոչորվում՝ տեսնելով տակավին խարխափող ու մոլորությունների մեջ դեգերող Երկիր Հայաստանը: Այդ ամենը տեսնելով, հասկանալով և իմաստավորելով է, որ դիմում եմ Ձեզ՝ սույն քայլը համարելով գուցե ծայրահեղ, բայց ոչ անտեղի: Նաև համոզված եմ դիմում, գիտակցելով, որ միայն Դուք կկարողանաք աջակից դառնալ, Դուք կարող եք ոչ միայն սփոփանքի խոսքեր հնչեցնել, այլև սատարանքի ելքեր առաջնորդել:
Խոսքս վերաբերում է Գյումրի քաղաքին: Այն քաղաքին, որը տակավին 1834 թվականին քաղաքի կարգավիճակ է ստացել՝ առաջինը Հայաստանում և որը հայոց Ոգու, Էության, Մշակույթի կրողներից է եղել: Մոտ երեք հազար տարվա պատմությոն ունեցող այս քաղաքը 19-րդ դարավերջին հռչակվեց իբրև մշակույթի, գրատպության, արհեստավորության, կրթության քաղաք՝ առաջնային համարելով Հայ եկեղեցին՝ իբրև ազգային համախմբումի և միասնության խորհրդանիշ: Համայնավարական մոլեռանդ հակաեկեղեցական արշավի տարիներին Շիրակի թեմը պահպանեց իր ինքնությունը, առ Հավատք տանող ճանապարհը չխամրեցրեց, երկինք առաքված աղոթքներով ու օվսաննաներով ջատագովեց Հավատը, բարեբանեց գոյության կենսահաստատ ուժը: Նաև սատարող ուժ եղավ Ամենայն հայոց կաթողիկոսներ երջանկահիշատակներ Վազգեն Ա-ի և Գարեգին Ա-ի համար, որոնք սիրեցին Գյումրին, անգամ անձկության պահերին Գյումրի եկան, որովհետև այստեղ հայոց հանճարի ներկայությունն էր, կենսախինդ ոգու թրթռումներն էին:
Վեհափառ Տեր, Գյումրին իր վրա կրեց 1988-ի ազգավեր երկրաշարժի ամենացավագին հարվածները, խորտակվեց քաղաքը, ավերվեցին գործարաններ, բնակելի տներ, կրթարաններ: Բայց կանգուն մնաց Յոթ Վերքը, որի շուրջ էլ համախմբվեցին գյումրեցիները: 25 հազարից ավելի մարդկային կորուստ ունեցած քաղաքը տնքաց ցավից, բայց հասկացավ, որ պիտի ապրել ու արարել: Մոտ 140 հազար գյումրեցի հավաքվեց վիրավոր երկնքի տակ ու շարունակեց ապրեցնել քաղաքը: Սակայն վերջին երկու տասնամյակի ընթացքում Գյումրին վերածվում է չգոյության հանգրվանի: Ամեն շաբաթ ավելանում է թիվը Գյումրին լքողների, որովհետև ապիկար մարդիկ կամեցան այն չգոյության ու անպտղության ավազանի վերածել, իշխանությունների անտարբեր վերաբերմունքը դարձավ գերեզմանափոր այս քաղաքի համար: Բազում նախաձեռնություններ են հղացվել, բազում ծրագրեր են գրվել, սակայն այդ ամենի առջև շրխկալով փակվել են անտարբերության և չարակամության դռները: Եվ հիմա մեր աչքի առջև մեռնում է Գյումրին: 1988 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան 230 հազար բնակիչ ունեցող քաղաքում այսօր ապրողների թիվը մոտ 50 հազար է…
Դուք եք այն մեծագույն Հայը, որին դիմում եմ հավատով և վստահությամբ: Դուք ունեք միջազգային բարձր վարկ և համարում,, հայության բոլոր հատվածները սիրով լսում են Ձեզ, հավատում Ձեզ: Հետևաբար, թախանձագին խնդրում եմ Ձեզ, օգտագործելով Ձեր բարձր հեղինակությունը՝ կոչ հնչեցրեք աշխարհի հայությանը՝ փրկել Հայաստանի մարգարիտը, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Արմեն Տիգրանյանի, աշուղ Շերամի, հայ արհեստավարժ թատրոնի և օպերային արվեստի առաջին հանգրվանի, ազգային ճարտարապետության գոհարներ պարունակող Գյումրին: Բարեգործություններ և նվիրատվություններ պետք չեն քաղաքին, ողորմություններ պետք չեն: Հարկավոր է բարի կամք՝ զբաղվելու վերաշինությամբ, այս քաղաքում ընկերային նշանակության ձեռնարկությունների հիմնադրմամբ, գործատեղիների կառուցմամբ: Ցանկացած ոք, ով կհամաձայնի այստեղ գործարարությամբ զբաղվել, հավատացեք, կարճ ժամանակում կհարստանա, որովհետև այստեղ բոլոր նախադրյալները կան արդյունաբերության, տնտեսության, զբոսաշրջության զարգացման համար: Գյումրին կարող է ապաստանել, աշխատանք տալ մեր սիրիահայ եղբայրներին, մեր իրաքահայ եղբայրներին, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բարեկեցիկ կյանքով ապրել:
ՎԵՀԱՓԱՌ ՏԵՐ, Հավատով և Հույսով եմ Դիմում Ձեզ: Գիտեմ, որ կարձագանքեք բոլորիսխնդրանքին:
Հարգանքով և խոնարհումով՝ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Հայ մտավորական

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more