«Սևանա լճում մենք պետք է սիգի որսի արգելքն ուժեղացնենք երկու ուղղությամբ՝ առաջինը ձվադրման շրջանում և երկրորդ՝ խիստ հսկողություն սահմանել նաև մանրաձկան դեպքում: Այսինքն, այն մանր ձկները, որոնք դեռ չեն հասունացել, անհրաժեշտ է պահպանել՝ մինչև դրանց արդյունագործական պաշարը ավել կլինի 1000 տոննայից: Այսօրվա գնահատմամբ 400-450 տոննա է»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը:
Բարդուղ Գաբրիելյանի փոխանցմամբ՝ արդյունագործական նշանակության երկրորդ ձուկը կարասն է, որի պաշարները նվազել են՝ պայմանավորված վերջին տարիներին որսի ուժեղացմամբ:
Սևանի էնդեմիկ տեսակներից կողակի ու բեղլուի վիճակն ավելի վատ է.
«Նրանց վերականգնման համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, բայց այսօր ոչ մի ուշադրության չեն արժանանում, և ապագայում հնարավոր է, որ կորցնենք շատ արժեքավոր երկու այս ձկնատեսակները»,-նշեց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը:
Ինչ վերաբերում է խեցգետնին, բանախոսի փոխանցմամբ, դրա պաշարները մեզ մոտ հասել են 4,5 հազար տոննայի, որը կես տոննայով ավել է անցյալ տարվա համեմատ.
«Գրեթե չեն հանդիպում խոշոր խեցգետիններ, պոպուլյացիայի մանրացում է նկատվում: Սրա որսն էլ կարգավորված չէ: Որսում են ոչ ցանկալի գործիքներով, ինչպիսիք են չինական թակարդները: Մանր ու մեծ առանձնյակների են որսում, ավելին, թույլատրված չափից ավելի: Մենք առաջարկել ենք խեցգետին որսալ մոտ 1200 տոննայի չափով, ինչը ամբողջ պաշարի 20-25 տոկոսն է կազմում»,-նկատեց Բարդուղ Գաբրիելյանը:
Հեղինակ՝ Անի Կարապետյան