▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռո՛ւ մնացեք հայ աղջիկներից.Իրական պատմություն՝ քրդերի կողմից 1915-ին փրկված հայերի մասին

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանում է Գերմանիայում գործող թուրքական «Միություն Ընդդեմ  Ցեղասպանության» կազմակերպության ներկայացուցիչ Մահմուդ Ուզունին, ով այսօր ներկայացրեց իր մեծ պապի կողմից 1915 թվականին քարանձավում  «բնակվող»  հայերին փրկելու մասին.

«1915 թվականին Ակնից, Խարբերդից, Մալաթիայից շուրջ 300 հոգի՝ ծեր ու մանուկ, փախչում են Դեր Զոր տանող քարավանից ու գնում-տեղավորվում են Քրքսրաք գյուղի մոտ գտնվող քարանձավում: Քանի որ ուտելիք չեն ունենում, սնվում  են խոտաբույսերով: Բայց, քանի որ ծծկեր երեխաներ էլ են լինում ու կաթի կարիք կար, երիտասարդ տղաներն իջնում են գյուղ, կթում են այծերին, ոչխարներին, կովերին ու կաթը տանում են քարանձավ: Որոշ ժամանակ անց գյուղի բնակիչները տեսնում են, որ անասունները կաթ չեն տալիս: Հետո նկատում են, որ քիչ-քիչ  պակասում են  նաև կենդանիները: Գիշերը սկսում են հերթապահել ու հայտնաբերում են քարանձավը: Լսելով հայերի ձայները, հասկանում են, թե ովքեր են նրանք, վերադառնում են գյուղ ու պատմում այն ամենը, ինչ տեսել ու լսել էին: Գյուղի ավագանու՝ Յուսուֆի գլխավորությամբ, ով և ազգությամբ քուրդ Մահմուդի մեծ պապն է, որոշում են գնալ ու օգնել հայերին: Մոտ 10 հոգի սնունդով բարձում է  ջորիներն ու բարձրանում քարանձավ: Հայերը տեսնելով նրանց՝ մտածում են, ահա և վերջ, մեզ հայտնաբերեցին, կսպանեն…

Հյուրերը բացատրում են, որ ալևի են, բարեկամ ու հորդրում են իրենց հետ միասին գյուղ գնալ՝ խոստանալով թաքցնել նրանց: Հայերը շնորհակալությամբ ընդունում են պարենը, բայց չվստահելով նրանց, չեն գնում: Հայերի մեջ ավագի՝  Պողոսի առաջարկով, 3 հոգի որոշում են գյուղ գնալ ու համոզվել, որ իրենց չեն խաբում: Համոզվում են ու ամեն մի գյուղացու տանը մնում ապրելու :

Յուսուֆը տեղի երիտասարդներին հրահանգում է հեռու մնալ հայ աղջիկներից՝ ասելով, որ այս մարդիկ ցեղասպանության են ենթարկվել, պետք է իրար հետ ամուսնանան, որպեսզի չպղծվի հայի արյունը:

Օրերից մեկ օր գյուղից ներքին տարաձայնությունների համար վտարում են մի երիտասարդի, ով գնում և թուրքերին հայտնում է հայերի՝ իրեց մոտ գտնվելու մասին: Գյուղն անմիջապես շրջապատում են, շարք են կանգնեցնում բոլորին՝ ասելով, թե ինչքան հայ կա, թող առաջ գա: Մի ամբողջ գյուղ առաջ է գալիս:

Երբ որ Պողոսն առաջ է գալիս ու ասում, որ պետք չէ իրենց համար այս քայլին դիմել, գուցե իրենց մահվան ժամն է, Յուսուֆն ընդհատում է նրան՝ ասելով.կամ բոլորիս տարե՛ք, կամ հեռացե՛ք: Արդյունքում նա կարողանում է համոզել նրանց ու հետ ուղարկել: Նշեմ, որ մինչ օրս քարանձավն կոչվում է Պողոսի քարանձավ»-պատմեց Մահմուդ Ուզունը՝ շտապելով պայուսակից  հանել ու սեղանին դնել  5 նուռ՝ հայտնելով, որ  իր հետ  Անգլիայից  է բերել, հայկական են.

«Նռան սերմերը դեռ հարյուր տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության ժամանակ  հասել են Պերու և տարածվել  ամբողջ Լատինական Ամերիկայում»,-ասաց Մահմուդը:

Նրա խոսքով՝ 5 նուռը ոչ միայն ամողջ աշխարհում սփռված հայերին է խորհրդանշում, այլև Հայկական հարցի լուծումն այս 5 նռան մեջ է.

«Հայ ազգը ունի 5 խնդիր, բռնազավթված Արեւմտյան Հայաստան, Արևելյան Հայաստան, Արցախ, Նախիջևան և Ջավախք: 100 տարի առաջ հայն ապրում էր Նախիջևանում, Ղարաբաղում, Արևմտյան Հայաստանում, Ջավախքում: Ցեղասպանության ենթարկեցին հայ ժողովրդին և իրենից խլեցին այս ամենը: Հիմա 5 աշխարհամասում ապրող հայությունն այս հինգ կտորը պետք է միացնի իրար, սա է առաքելությունը հայության»,- հայտարարեց Մահմուդ Ուզունը: 

Հավելենք, որ Մահմուդ Ուզունը ծնվել է 1958 թվականին հայկական Կեսարիա քաղաքի մերձակա Քրքսրաք գյուղում, ղզլբաշ ալևի է: Երիտասարդ տարիքում ձերբակալվել է Թուրքիայի իշխանությունների կողմից և 12 տարի անընդմեջ խոշտանգվել է Թուրքիայի բանտերում: 20 տարի առաջ դուրս գալով բանտից՝ մեկնել է Մեծ Բրիտանիա:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more