Հայոց հորոսկոպի համաձայն՝ մուտք ենք գործում Աղեղնավորի տարին: Միայն հիշենք՝ կարևորը աղեղը լարելը չէ, ինչպես կարողանում էին անել միայն Սասնա քաջերը, ոչ էլ նետի մեծությունն է, որքան էլ մեր ոսոխները վախենում էին «մի-մի գերան» մեր նետերից: Կարևորը չարենցյան «նշանի ահագնությունն է».
«Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի մեծությամբ,
Այլ նշանի ահագնությամբ, որ հանճարներ է սերում»:
Մեր ապրած դարաշրջանում միայն նշանի ահագնությունն է, որ կարող է քեզ այս մոլորակի վրա հաստատ պահել: Այդպիսի «նշանի ահագնությամբ» էր, որ Աղեղնավոր Հայկը, իր փոքրաթիվ զորքը սեպաձև շարելով, փախուստի մատնեց Բելի հազարավոր հրոսակներին: Ժամանակն է, որ մոռանանք սին աքլորությունը և մեր ազգային կյանքը կառուցենք դիպուկ ու հզոր նշանառությամբ:
Շնորհավոր բոլորիս Ամանորը և «նշանի ահագնություն» թե՛ անձնական կյանքում, թե՛ աշխարհի չարիքը չեզոքացնելու գործում:
Արմենուհի Փալանդուզյան