«Հայաստանում բնակչության թվաքանակը 2016 թվականի 9 ամիսների ընթացքում 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 10.000-ով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
ԱՎԾ տվյալների համաձայն՝ այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմում է 2 միլիոն 993 հազար 900 մարդ: Ինը ամսվա միջակայքում բնակչության բնական հավելաճը կազմել է 9,4 հազար, իսկ միգրացիայի գնահատման ցուցանիշը կազմել է 14 հազար 100:
Նախորդ տարվա համեմատ մեր երկրում ծնելիության թիվը նվազել է 2,3 տոկոսով: Գրանցվել է նաև մահվան դեպքերի նվազում՝ 2,5 տոկոսով:
ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետի հաղորդմամբ՝ ամենաբարձր ծնելիությունը գրանցվել է Երևանում, իսկ ամենացածրը՝ Սյունիքում եւ Տավուշում: Մահվան դեպքերն ամենաշատը գրանցվել են Լոռիում, Տավուշում, Շիրակում եւ Վայոց Ձորում:
Նվազել են նաև ամուսնությունների ու ամուսնալուծությունների թվերը. 2016թ. ինը ամիսների ընթացքում ամուսնության դեպքերը կազմել են 12 հազար 88 դեպք, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 7,9 տոկոսով: Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Երևանում, Կոտայքում, ամենացածր ցուցանիշը եղել է Գեղարքունիքի մարզում:
Ամուսնալուծության թիվը կազմել է 2682, ինչը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 4,2 տոկոսով: ՀՀ-ում 2016թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 222 դեպք` 2015թ. հունվար-սեպտեմբերին արձանագրված 213-ի համեմատ:
Ամենաշատ ամուսնալուծությունները գրանցվել են Լոռու մարզում և Երևանում:
Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա ամենաշատ մահվան դեպքերը գրանցվել են արյան շրջանառության հիվանդություններից՝ 47 տոկոս, ինչը, ըստ տիկին Կույումջյանի, նվազման միտում ունի, քանի որ նախկինում այդ ցուցանիշը եղել է 50 տոկոսից ոչ պակաս: Նորագոյացություններից մահվան դեպքերը կազմել են 19,8, շնչառական օրգանների հիվանդություններից՝ 8,2, մարսողական հիվանդություններից՝ 6, վարակիչ հիվանդություններից՝ 0,9 տոկոս:
Անի Կարապետյան