Ինչպե՞ս կարձագանքեն հայաստանյան պետական իրավասու կառույցները, եթե նույնասեռ զույգը ամուսնանալու ցանկություն հայտնի: Այս մասին գրում է ԼԳԲՏnews կայքն ու մանրամասնում, որ վերջերս հրապարակել է ծավալուն մի հոդված, որում հիմնավորվում է՝ Հայաստանի Սահմանադրությունը չի արգելում քաղաքացիների նույնասեռ ամուսնությունները:
Նույն կայքի արտահաստիքային թղթակից Ա.Մ. Մանուկյանը, որ լեսբի է և երազանք ունի ամուսնանալու իր զուգընկերուհու հետ, հարցում է ուղարկել Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին.
«Ի՞նչ ընթացակարգով կարող եմ ես՝ ՀՀ քաղաքացի Ա.Մ. Մանուկյանս, ՀՀ քաղաքացի հանդիսացող իմ զուգընկերուհու հետ գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն Հայաստանի Հանրապետությունում»:
Այս հարցմանն ի պատասխան Արդարադատության նախարարության Քաղաքացիական ակտերի կացության գրանցման գործակալության (ՔԿԱԳԳ) պետ Արգամ Ստեփանյանը գրել է.
Հարցման այս պատասխանը ստանալուց հետո Ա.Մ. Մանուկյանը երկրորդ հարցումն է ուղարկում Արդարադատության նախարարություն՝ կրկին այն հասցեագրելով նախարար Արփինե Հովհաննիսյանին:
«Ես Արդարադատության նախարարություն Ձեր անունով տեղեկություն ստանալու հարցում էի ուղարկել՝ խնդրելով տեղեկացնել, թե ի՞նչ ընթացակարգով կարող եմ ես՝ ՀՀ քաղաքացի Ա.Մ. Մանուկյանս, ՀՀ քաղաքացի հանդիսացող իմ զուգընկերուհու հետ գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն Հայաստանի Հանրապետությունում:
Հարցմանս ի պատասխան ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ պարոն Արգամ Ստեփանյանի անունից նամակ եմ ստացել, որում միայն ներկայացված են ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի և ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասից մեջբերումներ:
Իմ հարցման մեջ ներկայացված հարցադրման պատասխանը, այն է՝ թե ի՞նչ ընթացակարգով ես ու իմ զուգընկերուհին կարող ենք ՀՀ-ում գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն, պարոն Ստեփանյանի պատասխան նամակում առկա չէ:
Սույն հարցմամբ խնդրում եմ տեղեկացնել,
- Կարո՞ղ է նույնասեռ զույգը Հայաստանի Հանրապետությունում գրանցել նույնասեռ ամուսնություն և/կամ միություն:
- Եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգով, ո՞ր մարմիններում:
- Եթե ոչ, ապա ՀՀ Սահմանադրության և/կամ օրենսդրության ո՞ր դրույթներն են արգելում նույնասեռ ամուսնությունների և/կամ միությունների գրանցումը Հայաստանի Հանրապետությունում»,- գրված էր Ա.Մ. Մանուկյանի՝ նախարարություն ուղարկված երկրորդ հարցման մեջ:
Ի պատասխան այս երկրորդ հարցմանը՝ կրկին ՔԿԱԳԳ պետ Արգամ Ստեփանյանի անունից երկրորդ նամակն է ուղարկվել Ա.Մ. Մանուկյանին:
«ՀՀ Արդարադատության նախարարին հասցեագրված Ձեր դիմումների կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Դուք հրավիրվում եք ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալություն: Խնդրում եմ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով»,- գրված է Արգամ Ստեփանյանի պատասխան նամակում:
Նշանակված օրը Ա.Մ. Մանուկյանը հանդիպել է ՔԿԱԳ պետ Արգամ Ստեփանյանի հետ: Վերջինս իր աշխատասենյակ է հրավիրել նաև ՔԿԱԳ գործակալության կատարող Ալբերտ Վիրաբյանին ու ևս մեկ աշխատակցի, որոնք պարբերաբար միջամտել են Ստեփանյանի ու Մանուկյանի զրույցին: Հատկանշական է, որ ՔԿԱԳ պետ Արգամ Ստեփանյանը հանդիպումից առաջ տեղեկություններ է հավաքել Մանուկյանի՝ հարցման մեջ նշված բնակության վայրի, բնակարանի սեփականատիրոջ մասին, ինչի վերաբերյալ էլ եղել է Մանուկյանին ուղղված նրա առաջին հարցը: Քանի որ Ա.Մ. Մանուկյանը ձայնագրել է Ստեփանյանի հետ խոսակցությունը, սղագրությունը ներկայացնում ենք ստորև:
– Դուք այդ հասցեի բնակիչ ե՞ք, որ մեզ նամակներ եք ուղարկում:
– Ես այժմ բնակվում եմ այնտեղ:
– Վարձո՞վ եք ապրում:
– Ոչ, Հայաստանում չգտնվող իմ բարեկամի բնակարանն է:
– Որ մենք տվել ենք ձեզ պարզաբանումները, ի՞նչը ձեզ չի բավարարում:
– Նախ խնդրում եմ, որ նոր սենյակ մտած անձինք ներկայանան, որ ես տեղյակ լինեմ՝ ովքեր են ներկա մեր զրույցին:
– Եթե դուք ուզում եք, որ ներկայանան՝ կներկայացնենք: Ալիկ Վիրաբյան և (ձայնագրության մեջ անունը չի լսվում – խմբ.), մեր աշխատակիցներն են: Մենք ուզում ենք հասկանալ՝ ձեզ ինչ է պետք: Մենք կարծում էինք, որ մեր պարզաբանումը ձեզ կբավարարի:
– Եվ ինչո՞վ պետք է ձեր պատասխանն ինձ բավարարի:
– Դուք ուզում եք գրանցել ամուսնություն, մենք էլ ասում ենք, որ դա հնարավոր չէ:
– Ի՞նչ պատճառներով: Որքան ես գիտեմ՝ նույնասեռ ամուսնությունները որևէ օրենքով արգելված չեն, իսկ այն, ինչ քաղաքացուն արգելված չէ՝ թույլատրված է: Թե՞ ես սխալ եմ:
– Օրենքում հստակ գրված է՝ տղամարդը և կինը… Էլ ի՞նչ ասեմ ձեզ:
– Կա՞ այդպիսի օրենք, այդպիսի դրույթ, որ նույնասեռ զույգերին արգելում է ամուսնանալ:
– Դուրս է գալիս, որ երկու տղամարդու մեջ ու երկու կնոջ մեջ, եթե գրված չի, որ չի կարելի, ուրեմն կարելի՞ է: Դուք տենց ե՞ք մտածում:
– Ես ձեզ եմ հարցնում:
– Եթե մենք լիազորված չենք էտ գործողությունը կատարել, ուրեմն չենք կարող կատարել: Սահմանադրությամբ պաշտոնյաները, պետական մարմինները կարող են անել այնպիսի գործողություններ, որոնք անելու համար օրենքով լիազորված են: Մենք օրենքով լիազորված չենք:
– Կներկայացնե՞ք ինձ գրավոր ձեր հիմնավորումները:
– Եթե ես մի գործողություն եմ կատարում, ես օրենքի շրջանակներում եմ դա անում: Ես օրենքով լիազորություն պիտի ունենամ դա անելու: Հիմա ես լիազորություն չունեմ դա անելու: Ասենք, օրինակ, ես չեմ կարող նույն ամուսնությունը չորս անգամ գրանցել, չեմ կարող անչափահասների ամուսնություն գրանցել, չեմ կարող արդեն ամուսնացած մարդու ամուսնություն երրորդ անձի հետ գրանցել, և այլն: Ինչո՞ւ չեմ կարող: Որովհետև լիազորված չեմ:
– Շատ լավ, ներկայացրեք, խնդրեմ, գրավոր այդ հիմնավորումը:
– Ես որքան հասկացա՝ հիմա ինչ էլ ցույց տամ՝ ձեզ միևնույնն է՝ գրավոր է պետք: Մենք դա էինք ուզում հասկանալ՝ դուք ինչ եք ուզում, ինչն է ձեզ անհասկանալի: Հիմա պարզ է. դուք ասում եք՝ մեզ ոչինչ չի արգելում գրանցել նույնասեռ ամուսնություններ, ինչո՞ւ չեք գրանցում: Ես էլ ասում եմ՝ լիազորված չեմ: Մենք գրավոր պատասխանն այնպես կպատրաստենք, որ դուք, կարծում եմ, բավարարված կլինեք:
Մի քանի օր անց ՔԿԱԳ գործակալության պետ Արգամ Ստեփանյանի անունից գրավոր պատասխան է ուղարկվել Ա.Մ. Մանուկյանին, որում նշված է. «Ի պատասխան ՔԿԱԳ գործակալությունում հանդիպման ընթացքում Ձեր հարցադրմանը, թե միասեռ ամուսնություններ գրանցելն արգելված չէ օրենսդրությամբ, որը ենթադրում է դրանց գրանցման հնարավորություն, տեղեկացնում եմ, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար ՔԿԱԳ մարմինը չի կարող կատարել այնպիսի գործողություն, այդ թվում նաև միասեռ ամուսնությունների գրանցում, որի համար օրենսդրությամբ իրավասու չէ»:
Ըստ ԼԳԲՏnews կայքի, ՔԿԱԳ գործակալության պետի հիմնավորումը գալիս է ապացուցելու ավելի վաղ հրապարակված հոդվածում հեղինակի կողմից արված այն պնդումը, որ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց ամուսնության իրավունքի իրացման մասով առկա է օրենսդրական բաց, բայց ո՛չ արգելք:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում