▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակած ժողովրդին վայել չենք ապրում

Միքայել Միրզոյանն անձամբ է զգացել հաղթանակի բերկրանքը, երբ իրենց վաշտի տղաների հետ ոտք դրեցին Շուշի. բերդի ուղղությամբ էին մտել:

Միքայելը շատ լավ է հիշում Շուշիի ազատագրման բոլոր մանրամասները եւ այն, թե ինչպես էր իր հրամանատարի՝ Բեկոր Աշոտի, հետ մի գիշեր անցկացրել Շուշիի բերդի պատի տակ՝ մի փոքրիկ փոսում:

Պատերազմում երեք անգամ վիրավորված ազատամարտիկն այն կարծիքին է, որ հաղթանակը հաջողվել է հայի ոգու եւ ընկերասիրության շնորհիվ, սակայն ափսոսանքով է խոսում այն մասին, որ ղեկավարությունն այդ ոգին կոտրել է:

«Երեկվա մարտական ընկերդ այսօր կարող է քեզ չբարեւել: Ավելին՝ քեզ կարող է ծախել, քանի որ իրեն թվում է, թե աթոռն ու պաշտոնն են ամեն ինչ որոշում: Իսկ պատերազմի ժամանակ մի կտոր հացը կիսում էինք իրար հետ, իրար հետ ուրախանում ու ցավ ապրում, երբ մեր ընկերներն էին զոհվում կամ վիրավորվում: Այս ամենը կարծես թե չի էլ եղել նրանց համար, մոռացել են»,-խոստովանում է Միքայելը եւ հիշում Բեկորի խոսքերը՝ մինչեւ Շուշիի ազատագրումը, թե «վերջում իրենց են Շուշիի բերդում նստեցնելու»:

Իսկ Շուշին եւ մյուս բնակավայրերն ազատագրելիս տղաներն այսպիսի երկրի մասին չէին երազում, այլ խաղաղ, ազատ ու հաղթանակին համարժեք երկրի՝ առաջվա պես մեկը մյուսին թիկունք կանգնող բնակիչներով:

«Իսկ այսօր ամեն ինչ ծանոթ-բարեկամ սկզբունքով է որոշվում ու կապ չունի դու ինչ ես արել պատերազմի ժամանակ: Ռուսաստաններ փախածներն ավելի լավ կարգավիճակում են, քան այն տղաները, ովքեր իրենց կյանքն են վտանգի տակ դրել այս ամենի համար»,-խոստովանում է Բեկոր Աշոտի վաշտի երկրորդ դասակի հրամանատար Միշիկը /այսպես գիտեն նրան բոլորը/, ով այսքան տարիների ընթացքում ծառայել է բանակում եւ պաշտոններ զբաղեցրել, իսկ մեկուկես ամիս առաջ թոշակի անցել: Ասում է, որ շուրջ 90 հազար թոշակ է ստանում հիմա ու արդեն զգում է, թե ինչ դժվարության առաջ պետք է կանգնի՝ ընտանիքը պահելու համար, իսկ որտեղ գնում է՝ ասում են, որ աշխատանք չկա ու տարիքը մեծ է:

Միքայելն այսօր դժվար է պատկերացնում, թե ինչպես է ընտանիքը պահելու: Ճիշտ է, սոված չեն մնում, ասում է նա, բայց չի հաշտվում այն մտքի հետ, որ այդ ուղին անցած մարդը կարող է այսօր աշխատանք չգտնել:

Ազատամարտիկը չի հաշտվում իրականության հետ ու ասում է, որ իր ազատագրած հողում չի ուզում, որ իր երեխաներն ապրեն, քանի որ նրանց ճորտի ապագա է սպասվում: «Ի՞նչ պետք այսօրվա երիտասարդները մտածեն, հատկապես նրանք, ում հայրերն իրենց կյանքն են տվել հայրենիքի համար կամ հաշմանդամ են դարձել, երբ տեսնում է, թե ինչպես է իր կռված ու հաշմանդամ դարձած հայրը խեղճացել ու գոյությունը քարշ տալիս, իսկ մնացածների հայրերը, ովքեր պատերազմի ժամանակ այստեղ էլ չեն եղել, ջիպերով շրջում, հարուստ կյանքով ապրում», ցավով հարցնում է ազատամարտիկը, ով ամենաշատը չի հաշտվում այն իրականության հետ, որ հային ու հաղթանակած ժողովրդին վայել կյանքով չենք ապրում:

«Ես երբեք չեմ տեսել, որ մարդ աղբարկղերից սնվի, իսկ այսօր իմ աչքի առաջ աղբարկղում ուտելիք գտնելու ակնկալիքով մարդիկ եմ տեսնում: Մեկը, երկուսը չեն, ցավոք, շատ եմ նկատել: Եւ այս ամենը ջիպերի, մեծ ու շքեղ առանձնատների ֆոնին: Ի՞նչ է նրանք այդ մարդկանց չեն տեսնում, չե՞ն նկատում, որ ժողովուրդը սոված է ու իրենց հնարավորությունները չունեն: Իսկ ի՞նչով են նրանք այդ շքեղ առանձնատները կառուցում կամ ջիպեր գնում: Սա հային վայել կյանք չէ, հաղթանակած ժողովրդին ոչ հարիր»,-գտնում է Միքայել Միրզոյանը:

Լուսանկարում առաջին վաշտի տղաներն են՝ Շուշիի ազատագրումից առաջ:

karabakh-open.info

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more