Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է կարճ ժամկետում ավարտել բոլոր աշխատանքներն ու հավուր պատշաճի նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Ըստ այդմ` հանձնարարվել է կրթօջախների հարակից տարածքների մաքրման և բարեկարգման նպատակով կազմակեպել շաբաթօրյակներ, ինչպես նաև գույքագրել ու ճանապարհային ոստիկանության հետ համատեղ դպրոցների հարակից տարածքներում կատարել համապատասխան գծանշումներ:
Հանրակրթության վարչության պետին էլ հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան քայլեր՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին անվճար դասագրքերով ապահովելու ուղղությամբ: Հաշվի առնելով սեպտեմբերի հատկապես առաջին օրերին տրանսպորտի գերբեռնված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է համապատասխան քայլեր ձեռնարկել հասարակական տրանսպորտի կանոնավոր աշխատանքի ապահովման ու քաղաքացիների պատշաճ ուղևորափոխադրում իրականացնելու ուղղությամբ: Նոր ուսումնական տարին բարձր մակարդակով դիմավորելու և երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 1-30-ը ճանապարհային ոստիկանության հետ համատեղ կհայտարարվի անվտանգ երթևեկության միամսյակ և կրթօջախների հարակից տարածքներում ուժեղացված հսկողություն կսահմանվի:
«Երևանյան ամառ 2015» ծրագրով ընթացող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված զեկուցվել է, որ ակցիայի շրջանակում օգոստոսի 1-15-ը համաբուժարաններ է դիմել 1416 քաղաքացի: Նրանցից 802-ը ուղեգրվել է սրտաբանների մոտ, 923-ն անցել է լաբորատոր հետազոտություններ, 250 քաղաքացի ուղեգրվել է Երևանի 3 մասնագիտացված բժշկական կենտրոններ:
Քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 6 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 2 հասցեներում: Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը նաև շինարարական փաստաթղթերի տրամադրման մասով՝ նախագծային շեղումները բացառելու նպատակով:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 16 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը:
Աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի բացառման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ 74 վարչական արձանագրություն է կազմվել: Քաղաքապետը, ոչ բավարար գնահատելով աշխատանքի արդյունքները, հանձնարարել է շարունակել այս ուղղությամբ իրականացվող քայլերը՝ աղբը միայն սահմանված վայրերում թափելու մշակույթը լիարժեք արմատավորելու համար:
«Այն վարչական շրջանները, որտեղ «Սանիթեք» ընկերությունն աղբահանություն է իրականացնում, այդ վարչական շրջանի ղեկավարները պետք է լինեն ավելի խիստ և սահմանեն ամենօրյա հսկողություն: Տվյալ ընկերության աղբահանության ծառայության մատուցումը բնավ չի նշանակում, որ վարչական շրջանի աշխատակազմն այլևս անելիք չունի: Ընդհակառակը՝ ավելի շատ անելիք և պատասխանատվություն ունեք, ընդ որում, ոչ միայն ընկերության աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը հետևելու մասով, այլև հատկապես աղբը ոչ սահմանված վայրերում թափելու հետ կապված:
Պետք է հասնենք նրան, որ քաղաքացիներն աղբը թափեն սահմանված վայրերում, այլ ոչ թե որտեղ պատահի: Այս հարցում եղեք շատ խիստ և առանց բացառության վարչական տույժերի ենթարկեք բոլոր այն քաղաքացիներին ու կազմակերպություններին, որոնք ոչ սահմանված վայրերում աղբ են թափում: Սա վարչական շրջանների համապատասխան ծառայությունների պարտականությունն է ու խստորեն պետք է հետևել դրա լիարժեք կատարմանը»,- ընգծել է քաղաքապետը:
Զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթացքի մեջ են 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցվող նոր բազմաբնակարան շենքերի շինարարական աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել ժամկետների պահպանման նկատմամբ:
Զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում շարունակվում են կանաչ և ծաղկապատ տարածքների խնամքին ուղղված աշխատանքները, կազմակերպվում է երկհերթ, անհրաժեշտության դեպքում նաև եռահերթ ոռոգում: Քաղաքապետն իր գոհունակությունն է փոխանցել բնապահպանության և կանաչապատման ձեռնարկությունների բոլոր աշխատակիցներին՝ աննախադեպ շոգ եղանակի պայմաններում մայրաքաղաքի կանաչապատ և ծաղկապատ տարածքների, ինչպես նաև ծառերի խնամքը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Զեկուցվել է, որ Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունը Համահայկական ամառային վեցերորդ խաղերին թիմային հաշվարկով զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ նվաճելով 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե մեդալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով գրանցած բարձր արդյունքների համար, իր գոհունակությունն է փոխանցել Երևանի հավաքական թիմերի մարզիչներին ու մարզիկներին՝ հավելելով, որ մոտ օրերս անձամբ կհանդիպի նրանց հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն