Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանն ընդունել է գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Զառա Չատինյանին: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Զառա Չատինյանը կոմիտեի նորանշանակ նախագահին է ներկայացրել Հայաստանում Բանկի իրականացրած ծրագրերը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի մանրամասները:
Ըստ Զառա Չատինյանի՝ կարևորագույն ծրագրերից է «Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ներդրումային ծրագիրը»: Այս պահին իրականացվում է մանրամասն նախագծման աշխատանքների խորհրդատուների ընտրության գործընթաց: Այս ծրագրում KfW բանկի ֆինանսական մասնակցությունը կազմում է 30 մլն. եվրո:
KfW բանկի ներկայացուցիչը առանձնացրել է նաև Շիրակի մարզում նախատեսված բիոլոգիական մաքրման կայանի շինարարության ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 4.5 մլն. եվրո: Ըստ ծրագրի՝ շինարարական աշխատանքները կտևեն 3 տարի: Արսեն Հարությունյանը, ըստ հաղորդագրության, կարևորել է KfW բանկի գործունեությունը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել առավել սերտ համագործակցել:
«KfW բանկը այն կառույցներից է, որն առավել ուշադիր և մանրակրկիտ է մոտենում մրցույթային գործընթացներին: Իմ կարծիքով, գնումների մրցույթային գործընթացները պետք է կազմակերպվեն հնարավորինս հստակ և ընկալելի չափորոշիչներով՝ ապահովելով բարեխիղճ մրցակցություն և հնարավորինս շատ թվով ընկերությունների մասնակցություն, ինչը թույլ կտա ոչ միայն որակական ընտրություն կատարել, այլև՝ ապահովել ողջ գործընթացի առավելագույն թափանցիկությունը»,- նշել է Արսեն Հարությունյանը:
Կոմիտեն տղեկացնում է, որ KfW բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվում է «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը», որի ընդհանուր արժեքը կազմում է 74 մլն. եվրո: Ծրագրի շրջանակներում, համաձայն պաշտոնական հաղորդագրության, արդեն իսկ իրականացվել է ծրագրի նախագծման մրցույթը, կնքվել են համապատասխան պայմանագրեր: