Եվ Նախագահի և Կաթողիկոսի Ամանորյա շնորհավորական ուղերձները հիասթափեցնող էին և ոչ միայն...
Առաջին դեմքերը ամանորյա ուղերձով ժողովրդին սկսել են դիմել նախորդ դարի 30-ական թվականներից: Ամեն ինչ սկսվել է ռադիոուղերձներից, ապա այդ ամենը տեղափոխվել է հեռուստատեսություն: Չգրված կամ գրված օրենքով վերջիններս
հիմնականում կարդում էին ու այսօր էլ կարդում են նախապես գրված ուղերձները ու նախապես տեսագրում, որոնք հանդիսանում են իրենց բովանդակությամբ մի տեսակ տարվա գործունեության ամփոփումն ու գալիք տարվա անելիքների ծրագրային շարադրանքը, իսկ մյուս կողմից էլ, որքան էլ տհաճ է արձանագրելը, սակայն անխուսափելիորեն առաջին դեմք-ժողովուրդ շփումը դարձնում են մի տեսակ արհեստական, արարողակարգային իրադարձություն նույնիսկ հասնում ակամայության, պարտադրանքի, ու ուղղակի դառնում “Ճիտին պարտք”. երկրի ղեկավարին հանում են եթեր, որ մի բան ասի, գնա, շարունակեն իրենց տոնը:
Նորմալ երկրներում նման ուղերձները սովորաբար արժանանում են ինչպես տեղական ազգային այնպես էլ միջազգային վերլուծական շրջանակների ուշադրությանը, կապված երկրի` համաշխարհային թատերաբեմում ունեցած կարևորությունից: Հետևաբար, կարևորը ուղերձի բովանդակությունն է և այն, որ հենց ղեկավարի ուղերձի ավարտին են հնչում երկրի ժամացույցի զանգերը՝ ավետելով նոր տարվա սկիզբը, մի տեսակ խորհրդանշական երանգ է պարունակում իր մեջ: Այս ամենով հանդերձ սակայն առաջին դեմքի Ամանորյա ուղերձը պետք է զերծ լինի պաշտոնականությունից և ավելի շատ ջերմություն ու անմիջականություն պարունակի իր մեջ:
Մինչդեռ մեզ մոտ շնորհավորական համապետական նշանակության ուղերձները, որոնք երկուսն են` ՆԱԽԱԳԱՀ և ԿԱԹՈՂԻԿՈՍ կարելի է ասել բոլորովին այլ իրականություն են բացում:
Նախ, ողջ ժողովուրդը, եթե իհարկե դիտում է, ստիպված է մի քանի րոպե նայել նախագահի սառած դեմքին ու տեսնել, թե նա ինչպես է ճիգ թափում՝ անսխալ կարդալու իրեն հրամցվող տեքստը: Բացարձակապես ոչ մի զգացմունք, ձայնային ու դիմանշանային ոչ մի երանգ որը կարող է դիտողին կամ լսողին տրամադրել, գրավել ուշադրությունը: Ես անձամբ այդ պահին չեմ կաողանում հետևել հնչեցվող խոսքի բովանդակությանը, չեմ կարողանում ոչինչ մտապահել նրա ասածներից: Ավելին, մի տեսակ լարված եմ հետևում այդ արարողությանը և հոգոց հանում թե երբ նախագահը ավարտի սեփական ուղերձի ընթերցումն ու խփենք բաժակները ու միմյանց արդեն մարդկային լեզվով Նոր Տարի շնորհավորենք: Սակայն միայն սա չէ: Այս տարի վիճակը ուղղակի սարսափելի էր: Նախ, ինչու նախագահը ամբողջ բոյով կանգնեց և ոչ թե նստեց, կամ ինչու նույնիսկ կանգնած դեպքում ամբողջ հասակը վերցրեցին էկրանի մեջ, և ոչ ասենք կիսանդրային մասով, ինչպես արվում է սովորաբար:
Երկրորդ, ինչ իմաստ ուներ միջին պլանով էկրան վերցնելը. էդքան կարևոր էր ցույց տալը, որ Նախագահականի մանրահատակը /պարկետը/ մաքուր է ու փայլուն: Դեռ չասած, թե Նախագահի կոստյումի կոճակների մի մասը ինչու էր արձակված. միթե երկրի առաջին դեմքը ըստ էթիկետի նման փնթի տեսքով պետք է երևար էկրանին ու դիմեր իր ծողովրդին: Կարծում եմ դա առնվազն անթույլատրելի է ու այս տարվա ուղերձից հետո նախագահը պետք է սեփական աշխատակազմի մասնագիտական որակների մասին որոշ հետևություններ անի: Ինչ էլ լինի չի կարելի երկրի առաջին դեմքին նման տեսքով նկարահանելը:
Նույնն է նաև Կաթողիկոսի դեպքում:Թեև Կաթողիկոսի դեպքում գոնե ինտերիերը քիչ թե շատ նորմալ էր, սակայն օրվա ժամին համապատասխան կիսամութն ու դրա հետևությամբ ստեղծված խորհրդավորությունն անհարկի է: Ջերմ հայրական տան մթնոլորտի զգացողության փոխարեն ունեցանք այն տպավորությանը, ասես, գտնվում ենք թատրոնում, որտեղ խաղում են “Համլետ”, “Լիր արքա” կամ “Մակբեթ” ու ահա ինչ որ դիվային զրհուրելի սպանություն է տեղի ունենալու կամ ուրվական է հայտնվելու:Այժմ Կաթողիկոսի խոսքի մասին Առանց այն էլ Կաթողիկոսը աչքի չի ընկնում պերճախոսությամբ, իսկ արդեն հնչեցրած խոսքն էլ այնքան արխայիկ ու անհասկանալի հայերենով է, որ առնվազն Հրաչյա Աճառյան պիտի լինես, որ այդքան բազմաբարդ բառերն ու նախադասությունները կամ դրանց կուտակումները կարողանաս հասկանալ: Դեմքի, գլխի, ձեռքի ոչ մի շարժում: Ձայնի կատարյալ անտարբերություն; Տպավորությունն այնպիսին է, ինչպես դիպուկ արդեն որոշ վերլուծաբաններ նկատել են, թե դրել են նրա լուսանկարը և մուլտիպլիկացիայի հնարքներով խոսող շրթունքներ և ձայն մոնտաժել: Հոգևորականի աչքերը չեն կարող ապակյա լինել, նրա խոսքը չի կարող լինել միատոն, ոչ մի զգացմունք չպարունակող:
Մի տեսակ Բրեժնևյան ժամանակների “լճացման” հոտ էր գալիս Գարեգին Բ-ի ուղերձից:
Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է շնորհավորում իր ընտանիքի և հարազատների Ամանորը: Ահա, այդպիսի մի խոսք է ընդամենը պահանջվում: Ամենևին կարիք չկա արհեստական ինչ որ բաների մասին խոսելու ու դրանց վրա ինչ-որ բառերի կույտ հրամցնելու իրենց տներում բաժակը պատրաստ պահած մարդկանց, որ սպասում են կախարդական խոսքերին ու Նոր տարվա զանգերին, որպեսզի ևս մեկ անգամ գրկախառնվեն ու շնորհավորհեն միմյանց:
Նույնկերպ նաև Կաթողիկոսը. ինչպես է նա շնորհավորում իր եկեղեցականներին որպես ՀԱՅՐ, որպես ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐ. ջերմ անմիջական առանց լեզվա-խոսքային մեռելահոտ բառապաշարի ու արխայիզմների: Այ հենց այսպիսի ուղերձ է ակնկալում ժողովուրդն իր ՀՈՎՎԱՊԵՏԻՑ:
Գուցե կոպիտ եմ դիտարկումներիս ձևակերպումների հարցում, սակայն հաստատ օբյեկտիվորեն սխալները արձանագրել եմ: