Որպես ազնիվ և պայքարող քաղաքացի՝ չեմ կարող անտարբեր մնալ երկրիս պատմությունը ջնջելու մարմաջին և չեմ կարող իմ բողոքի ձայնը չբարձրացնել...
Իմ մանկության շրջանում Նոյեմբերյանում մի հիասքանչ գոմ կար... Իսկը պատմական գոմ (հին էր շատ)... Այնտեղ տասնամյակներ շարունակ խաղաղ գոյակցում էին խոզեր, կովեր, հավեր, բադեր և միանգամայն ազնիվ այլ կենդանիներ: Անհնար է պատկերացնել մանկությունը առանց այդ գոմի, այնտեղից հնչող հավաթռչնային դայլայլի, կովերի շռից առաջացած առվակի խոխոջյունի... Այդ հնամենի շինությունը իմ դպրոցի ճանապարհին էր, և իմ մանկությունն ու պատանեկությունը ակնհայտորեն պակաս կլիներ առանց այդ սրբատաշ կառույցի և նրանից բուրող ցեթահոտի...
Եվ գոմն այդ, անշուշտ, իմ քաղաքի պատմության մի մասնիկն էր...
Ու օրերս, այդ նույն փողոցով անցնելիս, նկատեցի, որ գոմի սեփականատեր ձյաձ Գավգամելը, անգամ առանց հանրային գերակա շահի, քանդում է այդ հնամենի գոմը՝ ոչնչացնելով քաղաքիս պատմությունը...
Մի դիմազրկեք իմ ՔԱՂԱՔԸ...
Ճիշտ է, Նոյեմբերյանի քաղաքապետը Վանուշ Ամիրաղյանն է, բայց ընդհանուրից հետ չմնալու համար մի հատ քաղաքացիական մուննաթ՝ պարոն Տարոն Մարգարյան, մի ջնջեք իմ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ...
Հ.Գ. Բոլոր համընկնումները պատահական են...