Blognews.am-ը գրում է. Ջաբրայիլում նահատակված գյումրեցի 33-ամյա փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի տունը Գյումրիում բոլորը գիտեն: Չնայած 10 տարի է՝ Ալեքսանը Գյումրիում չէր բնակվում, իրեն նվիրել էր Արցախին, հայրենիքի պաշտպանությանը, սակայն գյումրեցիները նրան լավ են ճանաչում: Տան մոտ ընթանում էին հուշարձանի կառուցման աշխատանքները, որտեղ էլ հանդիպեցինք պարոն Գևորգին՝ Ալեքսանի հորը, ով մասնակցում էր շինարարական աշխատանքներին:
«Այստեղ պետք է ցայտաղբյուր լինի, այն կողմում ծառեր, ներքևում նստարաններ, ամեն բան պետք է Ալիկիս արժանի կառուցենք, որ մարդիկ գան, անցնեն այս կողմով ու իմանան, որ իրենց քաղաքը հերոս փոխգնդապետ է ունեցել»,- մեզ դիմավորելուն պես սկսեց պատմել Ալեքսանի հայրը:
Ալեքսանդրը ծնվել է 1982 թվականին Գյումրիում՝ զինվորականի ընտանիքում. հայրը ևս զինվորական է եղել: Սերը զինվորի մասնագիտության և հագուստի հանդեպ մանկուց է առաջացել: Դպրոցն ավարտելուց հետո միանգամից հայտարարել է, որ զինվորական է դառնալու, ու հստակ պատկերացնելով իր ընտրած ուղղու ողջ բարդությունը, մինչև վերջ է գնալու ու իր բառերով ասած՝ գեներալ է դառնալու:
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 2004 թվականին նշանակվել է ՊԲ հարավ-արևելյան զորամասերից մեկում դասակի հրամանատար: Անթերի անցել է կոչումի բարձրացման աստիճաններով: 2014թ. ուսումը շարունակել է ռազմական ակադեմիայում, որից հետո տեղափոխվել ՀՀ ԶՈՒ ԲԿ-ներից մեկը՝ որպես ծառայության պետ: Հետագայում կրկին տեղափոխվել է հարավային սահման և նշանակվել հրամանատարի մարտական գծով առաջին տեղակալ:
Իր համար առաջին տեղում միշտ բանակն է եղել, հետո նոր ընտանիքը և մյուսները: Անողոք էր թշնամու հանդեպ, պահանջկոտ և միևնույն ժամանակ հոգատար իր զինվորների հանդեպ:
Ծառայողական մեքենան հատուկ ազդանշան ուներ, որը նաև թշմանին էր ճանաչում, ասում էին. «Մառոզ Ալիկն եկավ դիրքեր, փախեք»:
Հայրը պատմում է, որ Ալեքսանը հնարավորություն է ունեցել իր ծառայությունը ՊՆ-ում անցակցնելու, բայց հրաժարվել է: Ասում էր. «Ես չեմ կարող կոշիկ հագնել ու ասֆալտի վրայով քայլել, իմը խրամատն է ու բատինկան է»: Երբ նշանակվել է Ջաբրաիլում հրամանատարի տեղակալ, ասել է՝ հիմա նոր օդը թոքերս գնաց, հիմա նոր շնչում եմ:
Ալեքսանը միշտ ասում էր, որ այս կռիվը վերջացած չէ: Վաղ թե ուշ սկսվելու է: Ապրիլի 2-ի լուսաբացին, 5:20-ի կողմերը Ալեքսանը և 4 սպա «Ուազ» մեքենայով մեկնել են դիրքեր՝ ընկերներին օգնելու: Տեղյակ չի պահվել, որ դիրքը գրավված է թշնամու կողմից: Շտապել է այնտեղ՝ մտածելով, թե դիվերսիոն հարձակում է: Հասնելով դիրք, մեքենան ընկել է շրջապատման մեջ: Զինակից ընկերների զոհվելուց հետո, ուսից վիրավոր Ալեքսանը շարունակել է կռվել, դեռ երկար կարողացել է դիքրը պահել, կռվել է մոտը եղած վերջին նռնակներով և մահացու վիրավորում ստանալով մահացել:
Պարոն Գևորգը պատմում է, որ որդու հետ ապրիլի 2-ից կապն ընդհատվել է, ինքը, չդիմանալով անորոշությանը, մեկնել էր Արցախ՝ հույս ունենալով որդու անհետացման մասին տեղեկություններ ստանալ հարավային սահմանում: Բայց իրեն թույլ չեն տվել մոտենալ դիրքերին:
«Ամենաթեժ պահերին, երբ դեռ հայտնի չէին մեր կողմի բոլոր զոհերի անուններն ու թիվը, խոսակցություններ էին ընթանում, որ թշնամին հայ գեներալ է սպանել: Հետո ամսի 10-ին իմացանք, որ խոսքը Ալիկի մասին էր, երբ հայկական կողմին հանձնեցին 18 զինծառայողների մարմինները: Նրանց մեջ էր նաև Ալեքսան Առաքելյանը:
Փոխանակման օրը երբ հայկական կողմը դիտորդների հետ մտել էր մարտի դաշտից մեր կողմի մարմինները հանելու, հակառակորդը կրակ բացեց: Փոխանակումը չստացվեց: Փոխանամկան երկրորդ փորձի ժամանակ ադրբեջանական կողմը Ալիկի մարմնի դիմաց 18 մարմին ուզեց: Մեր կողմը գնաց այդ քայլին և բերեց Ալիկի մարմինը: Ես շնորհակալ եմ իմ որդու ընկերներից այս քայլի համար: Ասում էին նա մեր հերոսն է 18 էլ չէ 25 էլ կտայինք, միայն նրա մարմինը վերադարձնեինք»:
«Իմը միայն Ալիկը, բոլոր 92-ն էլ իմ Ալիկներն են: Նրանք հերոսաբար զոհեցին իրենց կյանքերը: Նրանց կարգախոսն էր մահ կամ ազատություն: Նրանք մահացան, և ազատությունը տվեցին Հայաստանին ու Արցախին: Թանկ պահեք այդ հողը, որի համար 92 կյանք է կիսատ մնացել»:
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում